Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ չի հավակնում Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ընդգծեց, որ նման քննարկում չի եղել, չգիտի, թե որտեղից են մամուլում նման լուրեր հայտնվել: «Ես ինքս այդ պաշտոնին չեմ հավակնում, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, որևէ կապ չունի դրա հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մարուքյանը:

 

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին անվստահություն հայտնել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել, իրենց օրակարգում այս պահին նման հարց չկա: «Սակայն մենք ունենք հարցեր, որոնք հնչեցնում ենք, և տրվող պատասխանները մեզ չեն գոհացնում»,- ասաց պատգամավորը:

 

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում համատեղ աշխատանքը գործող գլխավոր դատախազի հետ` Մարուքյանն ընդգծեց, որ իրենք գլխավոր դատախազի հետ համատեղ աշխատանք չունեն: «Գլխավոր դատախազն ունի Սահմանադրությամբ իր վրա դրված պարտականություններ և պետք է իրականացնի իր առաքելությունը` անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից: Բայց մենք ասում ենք, որ տեղի են ունեցել հանրային հնչեղություն ունեցող դեպքեր, որոնց վերաբերյալ եղել է անգործություն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

 

Նա նաև չբացառեց, որ առաջիկայում կարող են քննարկել անկախ մարմինների և ընտրովի պաշտոնյաներին անվստահություն հայտնելու հարցը: