Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո նախընտրեց վարչապետի մյուս նստավայր` Բաղրամյան 26 տանող ճանապարհի մի մասն անցնել ոտքով: Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայի մի հատվածով քայլելու ընթացքում նա լսեց մի խումբ քաղաքացիների խնդիրներ, խոստացավ հետամուտ լինել դրանց լուծմանը, մի քաղաքացու էլ խոստացավ այսօր երեկոյան ընդունել:

Փաշինյանը քայլելու ընթացքում պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Նա անդրադարձավ Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններին, երկրի տնտեսության վիճակին և սպասվող զարգացումներին, տնտեսական աճի վերաբերյալ հարցին, ինչպես նաև վերջին օրերին հանրապետության տարբեր հատվածներում տարբեր խնդիրների վերաբերյալ անցկացվող բողոքի ցույցերին:

 

Լրագրողներից մեկը վարչապետին հարցրեց` ոտքով ո՞ւր է գնում, վարչապետը պատասխանեց, որ ուղևորվում է Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայր: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ոտքով անցնում այդ ճանապարհը, վարչապետը պատասխանեց. «Որովհետև սիրում եմ քայլել»:

Այնուամենայնիվ, Մաշտոցի պողոտայից վարչապետը ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով: Սակայն մինչ մեքենան նստելը Նիկոլ Փաշինյանը  չմերժեց իր հետ լուսանկարվել ցանկացող քաղաքացիների խնդրանքը: Նրանց հետ լուսանկարվելուց հետո  վարչապետը նստեց մեքենան ու հեռացավ: