ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով մայիսի 22-ին տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները փարատել են նախորդ հանդիպման առիթ հանդիսացած մտահոգությունները, թե երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող էր խաթարել այս անչափ կարևոր ոլորտի բնականոն գործունեությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Ավելին, ներկաները ուրախությամբ հայտնել են, որ նախորդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը մեծ ազդեցություն է ունեցել, և նվիրատվությունների հոսքը մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամներ էականորեն աճել է: Ներկաները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համախմբել բոլոր ուժերը և հնարավորությունները քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար:

 

Այս նպատակով նախատեսվում է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից: Այս առումով առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում:

Տիկին Աննա Հակոբյանը սիրով տվել է իր համաձայնությունը և համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար և գործելու է բացառապես թափանցիկ և համակարգված:

Այսօրվա աշխատանքային խմբի հանդիպումը եղել է ընդլայնված, որին մասնակցել են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը, մանկական արյունաբան Մարինե Քամալյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը: 

Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից