Կառավարության մայիսի 24-ի նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, ասաց, որ ինքը տեղեկացել է, որ ՍԱՊԾ ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի տասին և տասնվեցին նամակներ է ստացել ՌԴ գործընկեր կառույցից, որի մասին ինքը տեղյակ չէ և Իշխան Կարապետյանը չի զեկուցել իրեն.

«Դուք ո՞ւմ եք զեկուցել»,-դիմելով Կարապետյանին՝ հարց ուղղեց վարչապետը:   

 

Ի պատասխան՝ Իշխան Կարապետյանը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ. իրենց գերատեսչությունը տարվա ընթացքում արաձնագրում է խախտումները և աշխատանքային քննարկում ունենում ՌԴ-ի իրենց գործընկերների հետ:  

Կարապետյանի պատասխանից չբավարարվելով՝ Փաշինյանը նորից կրկնեց. «Դուք ո՞ւմ եք զեկուցել, որ էսպիսի իրավիճակներ կան, երբ ՌԴ-ից մեզ իրավիճակ են ներկայացնում՝ ո՞ւմ  եք զեկուցել: Ես երբ պաշտոնը ստացա՝ ինձ վստահեցրեցիք, որ գյուղոլորտում արտահանման հետ խնդիր չկա, իմանալով, որ աշխատանքային կարգով քննարկում ենք ունեցել՝ չեք ասել, ո՞ւմ եք զեկուցել, գյուղնախարարին  զեկուցե՞լ եք»,-կոշտ դիտողություն արեց վարչապետը:  

ՍԱՊԾ պետն այս նկատողությունից հետո նշեց, որ փորձել է կապ հաստատել փոխվարչապետի հետ, սակայն չի ստացվել, ուստի իրենք համապատասխան գործողություններ են կատարել և նշեց՝ Վերին Լարսում հայկական բեռների արտահանման ժամանակ հայտնաբերվել են խնդիրներ, ինչի հետ կապված էլ նամակ է եկել ՌԴ-ից ՍԱՊԾ-ին:

Երկարատև երկխոսությունից հետո Փաշինյանն ու Կարապետյանը պայմանավորվեցին, որ համապատասխան աշխատանքն են տանելու արտահանողների հետ՝ նման խնդիրնե«րից խուսափելու համար: