Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը տարբեր ուղղություններով: Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ այն կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

 

Վարչապետը նշել է, որ երկար տարիներ որպես պատգամավոր աշխատելով ՀՀ Ազգային ժողովում՝ սեփական փորձով գիտի, թե որքան կարևոր է խորհրդարանի դերը պետության կառուցվածքում ժողովրդավարական սկզբունքների զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհր­դա­րանական երկխոսությանը։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, դա մեզ  պարտավորեցնում է երկկողմ խորհրդարանական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է ՀՀ վարչապետը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարա­նականների պարբերական հանդի­պում­ներն իրենց ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը ի վիճակի են արագորեն լուծել բոլոր հարցերը, գտնել գործընկերության նոր ձևաչափեր և փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։