Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի: Այնուհետև սկսեցին լուրեր տարածվել մի շարք մարզպետների հրաժարականների դիմումների, ապա՝ նաև հնարավոր թեկնածուների մասին:
Քաղաքական առումով բավականին հետաքրքիր իրավիճակ է հատկապես Լոռու մարզում, որտեղ մարզպետի պաշտոնում նախ շրջանառվեց ԵԼՔ-ական Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, իսկ այսօր արդեն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մասնագիտությամբ բժիշկ Անդրեյ Ղուկասյանի անունը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այս մասին զրուցել է Քրիստ Մարուքյանի հետ:
-Պարո՛ն Մարուքյան, Լոռու մարզում հնարավոր է մարզպետ նշանակվի վանաձորցի Անդրեյ Ղուկասյանը: Դուք, որպես այդ մարզի բնակիչ և մարզում հայտնի քաղաքական գործիչ, ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում:
-Խնդիր չեմ տեսնում պաշտոնների կամ այդ պաշտոնները զբաղեցնող մարդկանց մեջ. խնդիրը համակարգային է՝ մեր կառավարման համակարգի մեջ: Մարզպետարանները ամենաանարդյունավետ կառույցներից են: Չեմ կարծում, թե միայն մարդ փոխելով՝ ինչ-որ բանի կարելի է հասնել: Համակարգային փոփոխություններ են պետք: Գուցե անձի փոփոխությամբ որոշակի բաներ փոխվեն, բայց էական տարբերություններ չեն լինի. կառույցը պետք է հիմքից փոխվի, որ դրա աշխատանքն արդյունավետ լինի: Իսկ անձերի փոփոխության տեսանկյունից՝ պետք է նկատեմ, որ տրամաբանական է, որ եթե իշխանափոխություն է տեղի ունեցել՝ նոր իշխանությունները պետք է նշանակեն մարդկանց, ովքեր պետք է ներկայացնեն տվյալ կառավարության ծրագիրը և տեղերում վերահսկեն այդ ծրագրի իրականացումը:
-Իսկ Դուք՝ անձամբ, Անդրեյ Ղուկասյանին ճանաչո՞ւմ եք:
-Ճանաչում եմ՝ որպես շատ լավ բժիշկ, մարդկային բոլոր որակներով շատ լավ մարդ, ով իր սեփական բիզնեսը ինքնուրույն զարգացրել և հաջողել է, բայց տեղեկություն չունեմ՝ իրեն առաջարկե՞լ են այդ պաշտոնը, թե՝ չէ, կամ ինքը կընդունի՞, թե՝ ոչ:
-Իսկ նրան որպես մարզպետ Դուք տեսնո՞ւմ եք:
- Եթե, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվելու, ապա ցանկացած մարդ կարող է գնալ և աշխատել մարզպետ: Այստեղ մարդու որակները, կառավարչական հմտությունները որևէ դեր չեն խաղալու կամ շատ քիչ են դեր խաղալու:
-Պարո՛ն Մարուքյան, իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ մարզպետի պաշտոնում տեսնում էին նաև Ձեզ, Դուք որևէ առաջարկություն ստացե՞լ եք:
-Ինձ հետ որևէ քննարկում, զրույց այդ թեմայով՝ չի եղել: Դրանք պարզապես խոսակցություններ են մամուլում, ինչն ընդամենը ենթադրություն է:
Լիլիթ Հակոբյան