«Մենք ոչ միայն հորդորում ենք սպառողներին առեւտուր անել շուկաներից, այլեւ աջակցում ենք, որ սպառողները գան ու այստեղից մթերք գնեն»,- այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Կասյան փողոցի հարակից տարածքում բացված գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Դիտարկմանը՝ սուպերմարկետները անուղղակի սպառնում են, որ եթե իրենք մտնեն ԱԱՀ հարկային դաշտ, գները կաճեն, գյուղնախարարն արձագանքեց. «Որեւէ մեկն իրավունք չունի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել: Չեմ կարծում, որ դա կբերի ճգնաժամային վիճակի: Ինձ համար գների աճը զսպելու պատրվակով հարկերից խուսափումը ընդունելի չէ»:

 

Նա հայտարարեց, որ միացել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ բոյկոտել թալանչիներին եւ կոռուպցիոներներին:

«Չի կարող անասելի գների բարձրացում լինել: Եթե այստեղի թութը գնեն, դնեն 5 հազար դրամ, թութ չի վաճառվի: Վերջապես բոլոր կողմերի համար էլ ձեռնտու է, որ գործեն այդ խանութները: Այդ սպառնալիքի տակ էլ պետք է հիմք լինի: Ի՞նչ է նշանակում գները կդարձնենք 5 հազար: Այդ դեպքում՝ կողքից երկու նոր սուպերմարկետ կաճի, փոքր խանութները կսկսեն գործել: Փոքր խանութները դուրս եկան շուկայից, որովհետեւ սուպերմարկետները նրանցից բիզնեսները վերցրեցին, մի փոքր ավելի էժան գներով սկսեցին վաճառել: Եթե սուպերմարկետներում գինն աճի, բակերի փոքր խանութները կսկսեն ավելի ազատ շնչել», - բոյկոտը չի՞ հանգեցնի գների անասելի աճին՝ հարցին ի պատասխան ասաց Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով փաստին՝ վերջին օրերին թանկացումներ են նկատվում, հատկապես, «Երեւան սիթի»-ում մսի գինը հասել է մինչեւ 5300 դրամի, նախարարն ասաց. «Երկու օր որ չգնենք, ի՞նչ են անելու այդ միսը: Եթե 2-3 օր առանց մսի ապրենք, կարծում եմ՝ գները կգան իրենց տեղը: Հիմա մի փոքր խուճապ կա, դրա համար փորձում են գները բարձրացնել: Փոքր շուկաներ, որ կազմակերպում ենք Երեւանում եւ այլ քաղաքներում, այդ դեպքում՝ գինը կթելադրի շուկան: Պետք է փորձենք, որ այս տարի ավելի շատ նման շուկաներ բացվեն, քանի որ դրա պահանջարկը կա»: