«Բոլոր ժամանակներում էլ եղել են անձինք, ովքեր տրամադրված են եղել եկեղեցու դեմ՝ փորձելով տկարացնել եկեղեցու դերը: Կառույցին մի՛ մեղադրեք, եկեղեցու անունը մի՛ տվեք, այլ անձին մեղադրեք, քանի որ ոչ ոք անսխալական չէ: Այսօր բոլորը պաշտում են Վազգեն 1-ին, բայց իր ժամանակ ինչե՞ր էին պատմում նրա մասին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ անդրադառնալով եկեղեցու և հատկապես Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջող քաղաքացիների՝ վերջին օրերի բողոքի ակցիաներին:
Նշենք, որ երեկ ծեծկռտուք էր տեղի ունեցել հոգևորականների՝ կաթողիկոսի կողմնակիցների և նրա հրաժարականը պահանջողների միջև: Խոսելով այս հանգամանքի մասին, Կոմիտաս վարդապետը նշեց, որ հայ եկեղեցականները բաժանվել են երկու մասի. «Մի մասը, դիմելով կաթողիկոսին, գոռում էր հեռացիր, մյուս մասն էլ՝ վեհափառ: Մենք ուզում ենք մեր հավաքականությունը երկուսի՞ բաժանել, և ոչ միասնականական լինելն է, որ թույլ է տալիս ոմանց՝ անել, ինչ ուզում են»:
Նշենք նաև, որ խոսելով ներկայիս եկեղեցական կյանքի խնդիրների մասին, Վազգեն 1-ինի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը՝ նշելով, որ պահը հասունացել է դեռևս 1999 թ. հոկտեմբեր 27-ին՝ «հենց առաջին օրից, երբ Գարեգին երկրորդը, իշխանության բռնաճնշումների, կաշառքի արդյունքում դարձել է կաթողիկոս»:
Անդրադառնալով հայտարարությանն, իր վրդովմուքն արտահայտեց ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը. «Սա անմարդկային վերաբերմունք է: Կաթողիկոսին կարող եք չհավանել, բայց Վազգեն Սարգսյանի նման մարդն ի՞նչ է արել»,- ասաց նա՝ սրբապղծություն համարելով երևույթը:
Խոսելով ծեծկռտուքի մասին՝ Դևրիկյանը նշեց, թե այնպես են անում, որ հայ եկեղեցու հետևորդները բաժանվեն երկու մասի և դուրս գան միմյանց դեմ: Նրա խոսքով՝ Կաթողիկոսի դեմ շարժումը ծուղակ է նոր իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: