Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է: ՌԴ մայրաքաղաքում Փաշինյանը 20 երկրների ղեկավարների հետ ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Երեկ էլ կայացավ Փաշինյան-Պուտին՝ կարճ ժամանակահատվածում արդեն երկրորդ հանդիպումը: Ի տարբերություն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նիստի՝ Փաշինյանի այս այցը Մոսկվա՝ հնարավորություն է տալիս առավել ազատ մթնոլորտում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Սակայն այս այցի գլխավոր ինտրիգը ոչ այնքան ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում արձանագրված պրոտոկոլային հայտարարություններն էին, որքան այն հարցը, թե կկայանա՞ արդյոք Մոսկվայում Փաշինյան-Ալիև առաջին, թեկուզ և ոչ պաշտոնական, ճանաչողական հանդիպումը:
 
Ուշագրավ է, որ Մոսկվա մեկնելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ընդունել եւ ծանոթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հանդիպման ընթացքում կարևորվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Սա լուրջ ազդակ է Իլհամ Ալիևի համար՝ վերադառնալու կառուցողական հուն: Թերևս հենց դա նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, երբ Մոսկվայում ընդունելով Ալիևին՝ նշել էր, թե հույս ունի, որ վերջինս հաճելիից բացի՝ նաեւ օգտակար այց կունենա, քանի որ Մոսկվա են ժամանել իրենց շատ գործընկերներ եւ կա հնարավորություն նրանց հետ հանդիպել, ծանոթանալ:
 
Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտում թույլ չտա լարվածության աճ: Նա գտնում է, որ այս տարի շատ հավանական է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների գագաթնաժողով, որից, սակայն, արցախյան կարգավորման մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն ունի նաեւ ավելի արմատական հարցերի քննարկման անհրաժեշտություն՝ գիտակցելով, որ Միացյալ Նահանգները փորձում են Հարավային Կովկասում մեծացնել իրենց ազդեցությունը: Նաև դրանով է բացատրվում ԱՄՆ նախագահի՝ Իլհամ Ալիեւին հասցեագրած ուղերձի այն շեշտադրումը, որ առաջիկա ամիսներին կարող է բացվել արցախյան կարգավորման նոր հնարավորություն: Այստեղից հետևություն՝ Ռուսաստանը կփորձի նախաձեռնությունը պահել իր ձեռքում եւ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ջանքեր կգործադրի, որպեսզի արցախյան կարգավորման ուղղությամբ արեւմտյան միջամտության փորձերը կանխվեն:
 
Իհարկե, 2018թ.–ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման ժամանակ կողմերը չեն խոսի առաջնագծում քաղաքական ու ռազմական դիմակայության հետ կապված հարցերի մասին։ Այն տեղը չէ, ձևաչափն այն չէ։ Սակայն առաջին շփումն, ամեն դեպքում, շատ կարևոր է։ Առաջին տպավորությունը գրեթե երբեք խաբուսիկ չի լինում։ Հենց այդ պատճառով եզրափակչի բացման արարողության ժամանակ հայ և ադրբեջանցի մոլի ֆուտբոլասերների ուշադրությունը կերկատվի։ Ինչպիսի՞ն կլինի ձեռքսեղմումը։ Ինչպիսի՞ն կլինեն դեմքերի, աչքերի արտահայտությունները այն պետությունների ղեկավարների, որոնք մոտ 30 տարի հակամարտության մեջ են։ Համաձայնե՛ք, որ դա ավելի դիտարժան թրիլլեր է, քան Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների հանդիպումը, նույնիսկ՝ ֆուտբոլի աշխարհի 21–րդ առաջնության ձևաչափում։
 
Ստելլա Խաչատրյան