Մինչ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսի մեկնարկը «Ժառանգության» առաջնորդին այցելեց երգիչ, երգահան Վահան Արծրունին։ Մի քանի րոպե զրուցելուց և իր աջակցությունը հայտնելուց հետո՝ Վահան Արծրունին հեռացավ Ազատության հրապարակից։

168.am-ի հետ զրույցում Վ. Արծրունին ասաց, որ հացադուլի ընթացքում իր առաջին այցն էր Րաֆֆի Հովհաննիսյանին և վերջինիս կողմից հայտարարված հացադուլին մոտենում է իբրև քաղաքացի և բժիշկ. «Որպես քաղաքացի ես հասկանում եմ, որ այս պայքարի միջոցը արդարացված է և անհրաժեշտ լուծում է։ Իսկ մարդկայնորեն շատ լավ հասկանում եմ, թե ինչ տառապանք է ընտրարշավից հետո մտնել պայքարի մեջ»,- ասաց Վահան Արծրունին։

Իբրև բժիշկ նա ավելացրեց, որ հացադուլը կարող է շատ վատ անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջության վրա, ինչն իրեն խիստ մտահոգում է։
Նրա կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին 20 տարիների ընթացքում միակ քաղաքական գործիչն է, ով այլ «բանալիներով» է քաղաքական լուծումներ փնտրում։

«Նա միակն է, ով շարժվում է խիստ Սահմանադրական ճանապարհով»,- ասաց Վահան Արծրունին։