Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու իր աջակիցները նստացույց են հայտարարել: Նրանք ասում են, որ այլ ելք չունեն եւ նստացույցը կշարունակեն այնքան, ինչքան պահանջվի: կարեն Գրիգորյանն ասաց, որ վաղը, ժամը 12-ին հրավիրված է մարզպետի մոտ: Հավաքվածներին ու լրագրողներին նա ասաց, որ գիշերը հրապարակում է անցկացնելու: Վաղը կգնա, մարզպետի հետ կհանդիպի, ու նորից հետ կգա իր աջակիցների մոտ:

Հիշեցնենք՝ երեկվանից Էջմիածին քաղաքում հավաքներ են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Այսօր արդեն բողոքի ակցիաներ կազմակերպեցին նաեւ քաղաքապետի կողմնակիցները:

Իսկ այսօր երեկոյան քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակ հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իրավիճակը հատում է վերահսկելիության սահմանը եւ իրենք ակնկալում են այս հարցում վարչապետի աջակցությունը: