ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտում ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի հետ առկա համագործակցությանը ու շեշտել վերջինիս զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության կարևորությունը:
Հանդիպման առանցքում հիմնականում եղել են կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները, որոնք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն:Անդրադառնալով կրթության ոլորտի ապաքաղաքականացման խնդրին՝ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներում կարևորվելու է ուսուցչի վարկի բարձրացումն ու ծնողական համայնքի մասնակցությունը:
Միջին մասնագիտական (ՄԿՈւ) և բարձրագույն կրթական աստիճաններում ԿԳ նախարարն ընդգծել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման հարցը: «Մեզ համար շատ կարևոր է ՄԿՈւ ոլորտի զարգացումը, որը կնվազեցնի ճնշումը ավագ դպրոցի և բուհական համակարգի վրա»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին ողջունել է կրթության ոլորտի նոր ղեկավարության կողմից նախատեսվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել փոխգործակցության խորացման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի բարեփոխումներին միտված օրենսդրական փոփոխություններին և համագործակցության մի շարք հարցերի: