«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու' Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից: Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ:

 

Բայց իրականությունը բոլորովին այլ է: Պարզվում է՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը ընդամենը իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու և սեփական դեմքը փրկելու միջոց է:

 

Մեր տեղեկություններով՝ Նվեր Ծառուկյանին բանակից ազատելու մասին լուրը հրապարակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին և նրան շատ հանգամանալից բացատրել, որ այդ պաշտոնը իրեն տրված չէ իր հովանավորների որդիներին բանակից ազատելու միջնորդություններ գրելու համար:

 

Փաշինյանը ասել է, որ եթե իր որդին կամավոր մեկնում է Արցախ ծառայության, ապա ինքը չի հանդուրժելու, որ մյուս պաշտոնյաների և օլիգարխների որդիները օգտվեն ինչ-որ սողանցքերից և ազատվեն ծառայությունից:

 

Նա նաև հանձնարարել է ուսումնասիրել այլ պաշտոնյաների որդիների ծառայության կամ դրանից ազատվելու հանգամանքները և զեկուցել իրեն: Եվ միայն դրանից հետո է Ծառուկյանը դիմել իր նշանակած նախարարին՝ որդու անունը այդ ցուցակից հանելու համար: Բայց դա ամենևին չի նշանակում, որ Ծառուկյանի որդին այս ամառ Նիկոլ Փաշինյանի որդու հետ կզորակոչվի հայկական բանակ: Ծառուկյանի որդին սովորում է Տնտեսագիտական համալսարանում' անվճար ուսուցման համակարգում, և առնվազն մինչև ուսման ավարտը ազատված է ծառայությունից:

 

Մի՞թե Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցել օգտագործել իր դիրքն ու ազդեցությունը որդուն նման մի տեղ խցկելու կամ, ասենք, գիտության թեկնածուի աստիճան շնորհելու և բանակից ազատելու համար»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: