The Daily Mail-ը անրադարձել է ՀՀ Առինջ գյուղում գտնվող ստորգետնյա շինությանը, որը կառուցել է գյուղի բնակիչ, պրոֆեսիոնալ շինարար Լևոն Առաքելյանը: Քարանձավը գտնվում է 20 մետր խորության վրա ու 280 քառակուսի մետր տարածք զբաղեցնում:
Նշվում է, որ ստորգետնյա քարանձավի կառուցման համար ավելի քան 23 տարի է պահանջվել: Ամեն ինչ սկսվել է 1985 թվականին, երբ Առաքելյանի կինը՝ Տոսյան, խնդրել է նրան տան տակ կարտոֆիլի համար նկուղ փորել:
Տղամարդը ժամանակին պատմել էր, որ ինքն այնքան է տարվել այս գործով, որ չի կարողացել կանգ առնել. սկզբում նա բանջարեղենի համար նախատեսված նկուղ է կառուցել, այնուհետև վերածել այն գինու մառանի, իսկ հետո մի ամբողջ քարանձավատիպ կառույց դարձրել այն, որը, ինչպես պատմել է Լևոնը, ինքը տեսել է երազում:
Աղբյուրը մանրամասնում է, որ շինարարն օրական մոտ 18 ժամ է անցկացրել գետնի տակ՝ փորելով թունելներ ու սյուներ և աստիճաններ քանդակելով քարերի մեջ:
Լևոն Առաքելյանը մահացել է 2008 թվականին, 67 տարեկանում, սրտի կաթվածից: Իր մահվան օրը տղամարդը նույնպես աշխատել է նկուղում: