Արցախում բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ հունիսի 28-ին անց են կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ զորավարժության սցենարի համաձայն՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը՝ ենթակա ստորաբաժանումները զեկուցել են ընդհանուր իրադրության, հակառակորդի զինուժի գործողությունների ու դրանց ընթացքի մասին: Այնուհետև վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան աջակցություն' իրականացրել են պայմանական հակառակորդի թիրախների խոցում, հակագրոհի կազմակերպում, ինչի ընթացքում վերականգնել են առաջնագիծը, իսկ նահանջի դիմած հակառակորդի նկատմամբ իրականացրել հետապնդում՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային:

Նշենք նաև, որ զորավարժությունն անցկացվել է համաձայն սահմանված նորմացույցերի' ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ պաշտպանության կազմակերպման և թե՛ հակառակորդի մտադրությունները ձախողելու գործում: