Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Իրավիճակը վերահսկելի է, նորմալ աշխատանք է ընթանում, անհանգստանալու ոչինչ չկա: Ավելի մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»,- նշեց գլխավոր շտաբի պետը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 1-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը:
Հուլիսի 2-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը հայտնեց, որ Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,-ասաց նա:
Անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին լարվածությանը մեծացման, հակառակորդի տեղաշարժերի և մեկնարկելիք զորավարժությունների մասին հարցին՝ ԳՇ պետը հիշեցրեց, որ վերջին տարիների ընթացքում մշտապես նման խոսակցությունները կան, մշտապես լարվածությունը կա, մշտապես Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում է:
«Այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում: Իրենց զորավարժություններին մենք ուշի ուշով հետևում ենք, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը: Նույն ձևով էլ մենք ենք ըստ պլանների զորավարժություններ անցկացնում և նույն ձևով Ադրբեջանն է հետևում մեր զորավարժություններին: Անհանգստացնող ոչինչ չկա»,- հավելեց նա: