Ինչպես տեղեկացրել ենք, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երկու մարդ, ըստ երևույթին՝ «Իմ քայլը» շարժման առաջին օրերին, քայլում են Երևանի կենտրոնով և խոսում այդ օրերի մասին: Նրանցից մեկը, ով շատ նման է ՔՊ կուսակցության անդամ, պատգմավոր Հովիկ Աղազարյանին, մյուսին պատմում է, թե շարժումը կապ ունի Սերժ Սարգսյանի հետ, կեղծ է և իլյուզիա:
Հովիկ Աղազարյանն այս օրերին ոչ մի կերպ չմեկնաբանեց կատարվածը՝ փոխարենն այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպեց և պատմեց մանրամասները` չժխտելով, որ տեսանյութում ինքն է::
«Հանրավաքի առաջին օրն էր, մթնշաղ էր, հարթակի մոտ էի, շրջվեցի, տեսա մի ծանոթ դեմք, ով մտերմաբար ասաց, որ ինքը Ռոբերտն է: Մտածելով, որ գուցե գիտեմ այդ մարդուն, բայց չեմ հիշում՝ մոտիկացա, որպեսզի մարդուն չվիրավորեմ: Հարցրեցի՝ ինչով կարող եմ օգտակար լինել, ինքն էլ թե՝ «Ցանկանում եմ ելույթ ունենալ հանրավաքին»:
Հովիկ Աղազարյանը պատմեց, որ Ռոբերտին ասել է, որ այդ օրը հարմար չի և որոշել են հաջորդ օրը հանրահավաքից մեկ ժամ առաջ հանդիպել և զրուցել:
«Դարձյալ հանդիպեցինք: Ընդհանուր ծանոթների անուններ տվեց, որպեսզի ավելի վստահության մթնոլորտ ստեղծի: Հետո ասաց, որ ինքը ՀՀ նախագահի պաշտոնակատար է, ես զարմացա, ասաց՝ կարող եմ դատարանի որոշումը ցույց տալ: Արդեն այդ պահին հասկացա, որ գործ ունեմ անհավասարակշիռ մարդու հետ, և լծվեցի այն մտքին, որ հնարավորինս անցավ բաժանվեմ նրանից: Ասացի՝ արի անցնենք բուն նյութին, ինչի՞ մասին ես ուզում ելույթ ունենալ: Մտավ համացանց, սկսեց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի մասին ինչ-որ նյութեր ցույց տալ: Ասում էր՝ ես ելույթի ընթացքում այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ շարժումը լայն թափ կստանա: Մարդուն չցավացնելու համար ասացի, որ շատ ծանրակշիռ նյութ է ներկայացնում, բայց դա չի համապատսխանում մեր հեղափոխության ոգուն: Այստեղ նա հարցրեց, թե կարո՞ղ է՝ ճիշտ է, որ մենք Սերժ Սարգսյանի պրոյեկտն ենք, ես էլ, որպեսզի իրա լեզվով խոսեմ ու ազատվեմ իրենից, հեգնանքով ասացի, որ այո′, ինչ է, ինքը չգիտե՞ր, որ այդպես է: Սա ընդամենը հեգնանք էր, որ ինքը հասկանա, որ ես իր հետ այս թեմայով չեմ կարող խոսել, մեր մոտեցումները տարբեր են: Հեգնելով՝ շարունակեցի, որ հավաքվել ենք, որ աշխարհին ցույց տանք, որ մենք դեմոկրատական երկիր ենք ու բարձրացնենք Սերժ Սարգսյանի իմիջը»,-պատմեց Աղազարյանը:
Հովիկ Աղազարյանի խոսքերով, անմիջապես այդ զրույցից հետո, այդ ոմն Ռոբերտը տեսանյութը տեղադրում է համացանցում: Հանրավաքից հետո, իրենք նույն օրը վարչության նիստ են ունենում, որի ընթացքում տեսանյութն ուղարկում են Աղազարյանի ընկերներին:
«Ընկերներս բավարարվեցին միայն բանավոր դիտողություն անելով ինձ: Կուսակցության անդամների շրջանակում տարածվեց լուրը, սակայն իմանալով, որ վարչությունը տեղյակ է, որևէ արձագանք չեղավ»,-հիշեց պատգամավորը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ այս օրերին կրկին տարածվեց տեսանյութը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ հակահեղափոխական ուժերը փորձեն նման էժանագին քայլերով թուլացնել մեր ուժերը»:
Մեր թղթակցի այն հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, այս ամենին, կամ հանդիպե՞լ է այս հարցով վերջին օրերին իր հետ, Աղազարյանը բացասական պատասխան տվեց:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հետաքրքրվեց նաև, թե բացի ասուլիսից ինչ այլ քայլեր է պատրաստվում իրականացնել Հովիկ Աղազարյանը:
«Ոչ մի քայլ: Ես կարծում էի, որ այդ Ռոբերտը կգա ասուլիսին՝ իր ոգուն հարիր ինչ-որ սկանդալային իրավիճակ ստեղծելու համար, բայց չեկավ»,-ամփոփեց Աղազարյանը:
Ստորև ներկայացնում ենք հայտնի տեսանյութը.