Ընդամենը երկու օր առաջ ԱԱԾ-ն Թումանյան 11 հասցեում գտնվող իր բնակարանից բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին և նրա որդուն՝ Հայկին: Ողջ օրն էլ՝ սկսած կեսօրից՝ Սարգսյանի բնակարանում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում՝ խոստանալով սենսացիոն բացահայտումներ: Առանձնապես սենսացիա չստացվեց, ավելին՝ հենց այդ նույն գիշեր Սաշիկ Սարգսյանը և նրա որդին, ով կասկածվում է սպանության մեջ, ազատ արձակվեցին: Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մինչդեռ մամուլն այսօր ուշագրավ տեղեկություններ է հաղորդել նրա գտնվելու հավանական վայրի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, Մարտիրոս Սարյանի մեծագույն երկրպագուն այս պահին արտասահմանում «բուժում է ստանում»:
 
Արդեն երկրորդ դեպքն է, երբ Սաշիկ Սարգսյանին մեծ աղմուկով տեսախցիկների առջև բերման են ենթարկում, այնուհետև անաղմուկ ազատ են արձակում: Առաջին անգամ գործողությունը կազմակերպել էր ոստիկանությունը, որի պետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, թե Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել` թեև այդ դեպքում մի փոքր անհասկանալի է մնում, թե որն էր հանրային սպասումներ ծնելու նպատակը: Ի վերջո, ոստիկանությունը ենթադրյալ թիրախի հետևից պետք է գնա, երբ ճշտված են բոլոր հանգամանքները: Նման բռնոցին արդեն իսկ հանրության մոտ մտայնություն է առաջացնում, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի ընտանիքը և մերձավորներն անձեռնմխելի են և դա արդյունք է որոշակի համաձայնությունների և երաշխիքների: Եթե սա իրականությանը չի համապատասխանում, ապա հասարակական նման տրամադրության ձևավորումը պետք է կանխվի՝ իրավապահների ավելի հասցեական գործողություններով: Հակառակ պարագայում, կարող է լուրջ հարված հասցվել հակակոռուպցիոն պայքարին, որի կարևորագույն բաղադրիչը հենց հանրային աջակցությունն է: Հայաստանում անգամ մանկահասակ երեխաները կարող են թվարկել Սերժ Սարգսյանի եղբոր գործած հանցագործությունները և միամտություն կլինի ենթադրել, որ իրավապահ մարմինները Սաշիկ Սարգսյանին պատասխանատվության կանչելու համար ձեռքներին «նյութ» չունեն: Եթե այսպես շարունակվի, անչափ զավեշտալի իրավիճակ կստեղծվի, երբ Սաշիկ Սարգսյանը հնարավորություն կունենա միջազգային կառույցներում ներկայանալ իբրև քաղհալածյալ: Դա իհարկե աբսուրդ է, սակայն մեծապես կարող է հարվածել օրվա իշխանության հեղինակությանը:
 
Եվ այս ֆոնին անչափ ուշագրավ է իրավապահ մարմինների գործողությունների զուգահեռներ անցկացնել վերջին շրջանում հարուցված քրեական այլ ռեզոնանսային գործերի հետ: Դրանցից վերջինը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի ձերբակալությունն էր: Նրան ձերբակալել են մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Բաբայանը, ի դեպ, ինքն է ներկայացել ոստիկանություն, ասել է թե՝ իրավապահները ստիպված չեն եղել նրա նկատմամբ հետախուզում հայտարարել, ինքն էլ կարծես թե Փարիզներ մեկնելու կամ արտասահմանում «բուժում ստանալու» անհետաձգելի խնդիր չի ունեցել: Ավելին՝ քաղաքացին, որին իբր ծեծի է ենթարկել Բաբայանը, այս պահին որևէ բողոք չի ներկայացրել, իսկ Ինքնակամ ներկայանալն ավելի քան մեղմացուցիչ հանգամանք է, որ Բաբայանի դեպքում կարծես թե հաշվի չի առնվել՝ նրա խափանման միջոցը մնացել է անփոփոխ: Արդյո՞ք իրավապահ համակարգի նման անողոքությունը և սկզբունքայնությունը պայմանավորված չէ նրանով, որ Բաբայանը Սերժ Սարգսյանի մերձավորը չէ, նա Ծառուկյանի թիկնազորի պետն է, և տպավորություն է ստեղծվում, որ Բաբայանի միջոցով ընդամենը փորձ է արվում թուլացնել ԲՀԿ ղեկավարի դիրքերը քաղաքական դաշտում, հատկապես՝ գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
 
Մինչդեռ պետությանը միլիարդների վնաս հասցրած, երկիրը հարստահարած Սաշիկ Սարգսյանը, ում ընտանիքի հետ, ըստ որոշ տեղեկությունների, երկրից փախչելու վերջին պահին են ինքնաթիռից իջեցրել՝ արդեն երկրորդ անգամ ազատ է արձակվում: Հենց այս պարզ զուգահեռների անցկացումն է, որ հանրության մոտ հարցեր է առաջացնում: Դրանք տրամաբանական հարցեր են ու նաև կարևոր հարցեր, որովհետև հանրությունը նաև հենց այդ հարցերի միջոցով պետք է կարողանա վերահսկել իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարը և թույլ չտա, որ այն դառնա ընդամենը քաղաքական նախընտրությամբ պայմանավորված հարցեր լուծելու, անցանկալիներին հեռացնելու գործիք: Նոր Հայաստանում որպես կարևորագույն սկզբունք պետք է ամրագրվի ամեն տեսակ արտոնությունների վերացումը, որովհետև ինքնակամ իրավապահներին ներկայացող քաղաքացուն կալանավորելը, իսկ բերման ենթարկվածին ազատ արձակելը՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ անձինք, անկախ նրանց զբաղեցրած դիրքից՝ վարքագիծ է, որը առավելապես բնորոշ էր հին համակարգին, որի ապամոնտաժմանն էր ուղղված թավշյա հեղափոխությունը:
 
Իրավապահների գործողությունների համաչափության և այն խախտելու սահմանը շատ թափանցիկ է. պետք է խուսափել գործողություններից, որոնք կարող են թեկուզև աննշան ստվեր նետել հակակոռուպցիոն և հակաօլիգարխիկ պայքարի վրա:
 
 
Ստելլա Խաչատրյան