Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում գիտական նվաճումներ ունեցող մի խումբ ուսանողներ, ովքեր ԿԳ նախարարությանը կից տարկետում տրամադրող հանձնաժողովից բացասական եզրակացություն են ստացել հունիսի 22-ին և 23-ին անցկացվող հարցազրույցից։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ հանձնաժողովի աշխատանքը լի է եղել սուբյեկտիվությամբ, խախտումներով։ Նրանք նշեցին, մասնավորապես, ԿԳ նախարարի խոսքը, որ հունիսի 8-ից հետո որևէ փաստաթուղթ չեն ընդունել, միայն ճշգրտող փաստաթղթեր են ընդունել, սակայն ուսանողները պնդում են, որ որոշներից վերցրել են փաստաթղթեր, որոշներից՝ ոչ։

«Մենք դիմել ենք և՛ վարչապետին, և՛ մարդու իրավունքների պաշտպանին՝ դիմումով։ Երեկ հանդիպել ենք վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ և դիմում բողոքների վարչության պետի հետ, ովքեր հավաստիացրել են մեզ, որ կզանգեն որոշակի պատասխանով և հետագա պրոցեսի մասին հանգուցալուծումներով»,-ասաց ակցիայի մասնակցներից մեկը և նշեց, որ դեռ պատասխան չկա։

Նրանք նաև փաստեցին, որ հանձնաժողովի աշխատանքի մեջ գործունեություն են ծավալել փոխկապակցված անձինք, որոնք էլ մասնակցել են տարկետման մրցույցին և հանձնաժողովին աշխատանքներին։ Նրանք բոլորը ստացել են տարկետում։ Ուսանողները ցանկացել են տեսնել տարկետում ստացածների հարցազրույցի տեսաձայանագրությունները, սակայն նրանց չեն տրամադրել։ Այժմ ուսանողներն ակնկալում են վերականգնել արդարությունը, հավասարությունը բոլոր մասնակիցների միջև։

Հանձնաժողովը տարկետում տրամադրել է՝ մոտիվացիան և վերլուծական կարողությունները գնահատելով 20 բալանոց սանդղակով. «Աշխարհում չկա չափանիշ, որ կարող է գնահատել մոտիվացիան»,-ասաց մասնակիցներից մեկը և հավելեց, որ մոտիվացիան կամ 20 է, կամ՝ զրո։

Իսկ դոցենտ Իրինա Մանուկյանը, որը երիտասարդներին աջակցելու էր եկել, անարդար համարեց, որ արտասահմանում ուսանած և գիտական աշխատանքներ կատարած ուսանողների աշխատանքները չեն ընդունվել։ Նա նշեց, որ հավանական է՝ տարկետում ստացածները ընտված լինեն պարզապես համակրանքով։