Կառավարության ծրագրով նախատեսվել է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ մեր երկրում պետք է անցկացվեն ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։
Օրենսդրությունն ընտրություններին նախապատրաստելու ուղղությամբ էլ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ զուգահեռաբար աշխատում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների՝ վարչապետին կից հանձնաժողովն ու ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների աշխատանքային խումբը։ Եվ այդուհանդերձ, կան «մարգարեներ», որ ազդարարում են, թե վաղաժամկետ ընտրություներ չեն լինելու, որ ընտրությունները լինելու են հերթական՝ 2022 թվականին։ Աջ ականջը ձախ ձեռքով բռնելու սկզբունքով փորձ է արվում հիմնավորելու, թե իբր այսօրվա վիճակը շահեկան է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար, էլ ինչո՞ւ նա պետք է կազմակերպի արտահերթ ընտրություններ։ Իրականությունն այն է, սակայն, որ եթե նույնիսկ փորձենք կասկածի տակ դնել կառավարող թիմի անկեղծությունը, փորձենք ենթադրել, թե կառավարության ծրագրի իրականացման նկատմամբ հետեւողականության պակաս կարող է լինել, հենց պրագմատիկ հաշվարկների տեսանկյունից էլ գործող վարչապետին անհրաժեշտ է արտահերթ ընտրության անցկացումը ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի մայիսի ութը։
Դա այն ժամկետն է, որից հետո ԱԺ գործող կազմը վարչապետի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունի։ Ըստ Սահմանադրության վարչապետի հրաժարականի հարց չի կարելի բարձրացնել նրա նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում։ Ի՞նչ եք կարծում՝ չե՞ն փորձի ՀՀԿ եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները պալատական իշխանափոխություն իրականացնել դրա օրենսդրական իրավունքն ստանալու պահից։ Հաստատ կփորձեն, քանզի գիտակցում են, որ նոր ընտրությունների դեպքում շատ ավելի քիչ մանդատներ են ստանալու, քան այսօր ունեն։ Հանրապետականն ընդհանրապես կարող է խորհրդարանում չհայտնվել։
Այդ կուսակցության մոտ այսօր ճիշտ նույն վիճակն է, որ կար ՀՀՇ-ի մոտ 1998-ի փետրվարից (Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից) հետո։ Այն ժամանակ էլ ՀՀՇ-ն էր խորհրդարանական դասական ընդդիմության փայլուն օրինակ ծառայում, ՀՀՇ-ի պատգամավորներն էին ինտելեկտուալ ճնշում բանեցնում, բայց միեւնույն է՝ դրանից հետո այլեւս երբեք ՀՀՇ-ն չկարողացավ հաղթահարել ԱԺ մուտք գործելու համար պահանջվող նվազագույն շեմը։ Կա հնարավորին սեղմ ժամկետներում արտահերթ ընտրություներ անցկացնելու եւս մեկ պրագմատիկ պատճառ՝ «դրսի», հատկապես Արեւմուտքի պրեսսինգն այս ուղղությամբ։ ԱՄՆ դեսպանությունից, միջազգային իրավապաշտպան կառույցներից արդեն հաճախակի են նկատվում ակնարկներ, որ լեգիտիմ իշխանություն ձեւավորվում է միմիայն ընտրություների միջոցով։ Իսկ մենք այսօր, որքան էլ բացականչենք, որ կառավարությունը ժողովրդի անվերապահ վստահությունն է վայելում, որքան էլ դա իրականություն լինի, չունենք ընտրություններով ձեւավորված իշխանություն։ Իշխանությունն ընտրությունների միջոցով լեգիտիմացնելն օրվա հրամայական է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Դա նրան լրացուցիչ վստահություն կհաղորդի «դրսերի» հետ հարաբերություներում։
Վարդան Վարդանյան