«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամներն արդեն երկրորդ օրն է՝ իրազեկման ակցիա են իրականացնում Լոռու մարզի մի քանի համայնքներում՝ փորձելով հանրության ուշադրությունը սևեռել Շնող համայնքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող ՀԷԿ–ի վրա։ Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀԷԿ–ի կառուցումը բացասական հետևանքներ կարող է ունենալ թե՛ շրջակա միջավայրի և թե՛ տարածքի զբոսաշրջության զարգացման վրա:
Նախաձեռնության անդամ Վահե Աղամյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մեկնակետը եղել է Ախթալայի քաղաքապետարանը, այնտեղից գնացել են Թեղուտ, այնուհետև՝ Ալավերդի, որտեղ փողոցներում քայլերթ են իրականացրել։ Հաջորդ համայնքը եղել է Թումանյանը։
Ալավերդու և Թումանյանի բոլոր առափնյա թաղամասերով շրջել են՝ իրազեկելով մարդկանց Շնողի ՀԷԿ–ի մասին, տեղեկացնելով, թե որտեղ է այն լինելու և ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նախաձեռնության անդամները խորհրդակցել են նաև բժիշկների և բնապահպանների հետ։ Բժիշկներն իրենց ասել են, որ գետի ջրի նվազումը համաճարակների վտանգ կարող է ստեղծել, կլինեն ճահճային գոյացություններ, մոծակների թիվը կավելանա։ Ի վերջո ջրի պակասը բերելու է աղիքային հիվանդությունների ավելացման։ Բնապահպաններն էլ նշել են, որ եթե գետն իր հզորությամբ չի հոսում, ջերմաստիճանը ձորում փոխվում է, և գետը, օրինակ, ձմռանը չի սառչում։ Շրջակա միջավայրում օդի ջերմաստիճանը բավական տաք է լինում, մերձարևադարձային գոտի է դառնում։ Զրույցի պահին իրազեկման ակցիան դեռևս շարունակվում էր։ Ակտիվիստները Թումանյան համայնքի փողոցներում բարձրախոսով ներկայացնում էին իրավիճակը, և ըստ Աղամյանի, մարդկանց մեծամասնությունը դեմ է կառուցմանը։
Քաղաքացիների պահանջը մեկն է՝ պետությունն իր էներգետիկ–ռազմավարական ծրագրերից պետք է հանի այս նախագիծը, որը տեղադրված է ՀՀ էներգետիկայի նախարարության կայքում։
«Ուզում ենք այն հանվի, քանի որ այն մեր շահերին ու շրջակա միջավայրին վնաս է պատճառելու։ Եվ մեր պայքարը ոչ թե անձերի, այլ այս ծրագրի դեմ է։ 2017 թ. օգոստոսի 10–ին կառավարությունը թույլ է տվել, որպեսզի այդտեղ աշխատանքներ սկսվեն։ Շարժումը սկսվել է դեռևս այն ժամանակ, պարզապես՝ սոցիալական հարթակում։ Դա առաջին քայլն էր։ Երկրորդ քայլն իրազեկումն է։ Երրորդ քայլը կլինի տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրատների ու ռեստորանների ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Դեբեդի չորացումը զգալի վնաս է հասցնելու զբոսաշրջությանը։ Մեր նպատակը ծրագրի հետկանչումն է։
Մենք ունենք պետական ուղղվածություն զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու և, միևնույն ժամանակ, ՀԷԿ–եր կառուցելու պետական ծրագիր։ Այս ՀԷԿ–ը, որ կառուցվելու է զբոսաշրջության կարևորագույն կենտրոն Թումանյանի շրջանում, հակասում է զբոսաշրջության զարգացման ծրագրին։ Վաղվանից (այսօրվանից–խմբ.) արդեն փակ հանդիպումներ են իրականացվելու։ Հանդիպումներ կլինեն նաև Երևանում»,– նշեց նա։
Իրազեկման ակցիայից հետո կառավարության անդամները հավանաբար տեղյակ են խնդրին։ Նրանց կողմից ինչ–որ արձագանք եղե՞լ է հարցին Աղամյանը պատասխանեց, որ ո՛չ, չի եղել, բայց Ալավերդու քաղաքային ավագանին պաշտոնապես որոշում է կայացրել, որ դեմ է ՀԷԿ–ի կառուցմանը։ Ավագանու կողմից դիմում եղել է բնապահպանության նախարարությանը, նշել են, որ սա առաջնային լուծում պահանջող խնդիր է։ Նախաձեռնության անդամներից Ալբերտ Ջավախյանի խոսքով էլ՝ կառավարությունը թույլ է տվել ներդրողների փակ ակումբին կառուցել Շնող ՀԷԿ–ը, որն ընդգրկում է գետի 60 կմ հատվածը։ Ջավախյանը տարակուսում է. «Դեբեդ գետի երկարությունը 80 կմ է, որից 16 կմ–ը հոսում է Վրաստանում, 74 կմ–ը՝ Հայաստանում, որից 60 կմ–ը, ստացվում է, վերանում է»։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում