Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի իշխանություններին Մաքսային միությանը անդամակցելու դիմաց երկընտրանքի առաջ չեն դրել և առաջարկել են «և՛, և՛» սկզբունքը, այսինքն՝ հասկացնել են տվել, որ Հայաստանը կարող է և՛ Մաքսային միության մաս կազմել, և՛ Եվրամիության ինտեգրացիոն ծրագրերի: Ինչի դիմաց էլ Հայաստանը գազը պետք է ստանար ներռուսաստանյան գներով:

Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ պատասխանելով, մեր այն հարցին, թե իրեն հայտնի՞ է թե ինչ օրակարգ է ունեցել Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի վերաբերյալ այստեղ շրջանառվում էր երկու հիմնական կարծիք. որ Հայաստանի առաջ դրվելու է Մաքսային միության անդամակցության հարց և բանակցություններ գազի գնի շուրջ:

Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ աշխարհի հզորների կողմից ազդեցության գոտիների այս իրողությունների պայմաններում, երբ վերաբաշխման կիզակետը Կովկասն է՝ Հայաստանի կարևորագույն դերով, ավելի ճիշտ՝ Հայաստանի համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև սկսված պատերազմով (ասաց, որ դրանում համոզվելու համար բավական է տեսնել, թե վերջին 4-5 ամսում ովքեր են այցելել Հայաստան, անգամ տպավորություն ունի, թե աշխարհում՝ Արևմուտքում ու Ռուսաստանում էլ դեմք չմնաց, որ այստեղ եկած չլիներ). պարզ է, որ հզորներից ամեն մեկն այստեղ գալիս է իր պահանջների փաթեթով:

«Փաթեթների մեջ մի տարբերություն կա, ռուսականը Հայաստանի համար ընկալելի էր այն առումով, որ մեզ ասել են՝ կարելի է «հա՛մ, հա՛մ» : Այսինքն՝ նա դեմ չէր, որ լինեինք Մաքսային միությունում և Եվրամիության հետ աշխատեինք ինչ-որ բանաձևով: Բայց ԵՄ-ն էլ, որը Հայաստանին անդամակցություն չի առաջարկում, մեկ էլ ասում է՝ «ոչ», «կա՛մ , կա՛մ»: Իսկ ի՞նչ է պատահել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը՝ հստակեցնելով, որ խոսում է «գոյություն չունեցող հայ ժողովրդի անունից»:

Այն է՝ «Մեր քաղաքական ուժերը, մեկն՝ անցած էս կողմի վրա, մյուսը՝ էն, փորձում են մեր ականջները լցնել անհեթեթություններով մյուս կողմի մասին: Բայց այսօր ճնշող մեծամասնությունն արևմտյան, եվրոպական ուղղության կողմնակիցներ են և դրա միակ պատճառն այն է, որ ֆինանսավորումը այն կողմից էապես ավելի շատ է: Նաև տեխնոլոգիապես ավելի գրագետ են գործում, քան Ռուսաստանը, ավելի շուտ կարող են այդտեղ կարգել պրեզիդենտներ ու նախարարներ: Դրա համար, այդ առավելություններն ունենալու համար, քաղաքական ներկապնակը գործում է այդպես: Այսինքն՝ դա քաղաքական էլ չէ, այլ նույն տնտեսական լծակների համար պայքարող խմբակներ են, որոնք հանուն դրա պատրաստ են ամեն ինչի: Օլիգարխների մասին գիտեինք, քաղաքական ուժերի մասին պակաս գիտենք, բայց նրանք նույնն են անում»,- իրավիճակը ներկայացրեց Աշոտ Մանուչարյանը:

Ռուսական գազի գնի և «հա՛մ, հա՛մ» -ի երկու, իր բնորոշմամբ՝ ակնհայտ առավելությունները նշելով, (Աշոտ Մանուչարյանն ասաց, որ ովքեր սիրում են «կոպեկներ և ռուբլիներ հաշվել, թող նստեն, հաշվեն), բանախոսն առանձնացրեց իր գնահատմամբ՝ ամենակարևոր գործոնը՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը:

«Ռուսաստանի կողմից տրվող անվտանգության երաշխիքը ամենահուսալին և առկան է, ի տարբերություն ուրիշ կողմերից եկողների: Օրինակ՝ վերջերս անվտանգությունից խոսեց Բրիտանիան: Ֆանտաստիկ է: Այսօր էլ մի շարք թերթեր՝ փրփուրը բերանին խոսում են Բրիտանիայից: Բրիտանիան այն երկիրն է, որը մեր հարևանությամբ ստեղծել է ցեղասպան նոր մեքենա: Հարևան տարածքում Բաքվի ռեժիմ է ստեղծված, որը ձևավորել է հայատյաց մի մեքենա: Մենք պետք է հավատանք մեր աչքերին, ոչ թե ականջներին: Բրիտանիան, Իսրայելն ու ԱՄՆ-ն դրա առաջին պատասխանատուներն են, առաջինը՝ ՄԹ-ն՝ որպես այս տարածքում ավելի հին ու խորը ներկայացուցիչ: Հիմա նրանք ի՞նչ երաշխիքներից կարող են խոսել…»,-հարցնում է Աշոտ Մանուչարյանը:

Վերջինս չխուսափեց նաև ՌԴ-ին ուղղված քննադատությունից՝ ասելով , որ Ադրբեջանին Ա310 ինքնաթիռների վաճառքը, խոսում է այն մասին, որ Ռուսաստանն էլ առաջվանը չէ. «Սրբազան Ռուսաստանը» չէ, այլ, ցավալիորեն, «ընթացիկ Ռուսաստան» է, որը թեև կարող է լինել սրբազան, ինչպես նախկինում, երբ «աշխարհը աշխարհ էր»:

«Բայց այս Ռուսաստան էլ պնդում է, որ այնտեղ հակահրթիռային կոմպոնենտ չկա, որ շատ էական է, պնդում է նաև, որ դա ուղղված էր ոչ թե մեր դեմ, այլ որպեսզի դուրս մղեին այնտեղից իրենց մրցակից երկրներին՝ ՄԹ-ին, Իսրայելին, ու ԱՄՆ-ին, ինչու ՞ չէ՝, նաև Թուրքիային»,-ավելացրեց Աշոտ Մանուչարյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի հարցում անվտանգության ռուսաստանյան պատկերացումներն այնքան կարծր են, որ պատկերավոր ասած՝ Ադրբեջանի մեկ պատահական կրակոցը բերելու է ՌԴ-ի շատ կարծր արձագանքին: Մի բան, ըստ Աշոտ Մանուչարյանի, որ ակնհայտ է բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար, բացի այն թերթերից, որոնց վերը հղում էր արել: