«Բրյուսելում և մնացած տեղերում մենք պետք է ասենք, որ ունենք Արցախյան հիմնախնդիրը լուծելու մեր ճանապարհը. ուզու՞մ եք՝ միասին կանցնենք, չեք ուզում՝ մենք այդ ճանապարհով տեղ ենք հասնելու: Մենք պետք է աշխատանքներ անենք, որ մեզ հետ ոչ ոք ուժի լեզվով չխոսի բայց նաև մեր բոլոր ասած խոսքերը ականջալուր լինեն, հասկանան, ընդունեն: Հայաստանի ճանապարհը դեպի ժողովրդավարություն՝ մի օր բերելու է նրան, որ Արցախը հայտնվելու է բանակցությունների սեղանին կամ ճանաչվելու է աշխարհի կողմից»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Նա, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա կատարած այցին, կարևորեց, որ սա վարչապետի առաջին այցն է հեղափոխությունից հետո, որը ծանոթանալու, եվրոպական ինստիտուտների բոլոր ղեկավարների հետ հանդիպումներ ունենալու, այդ մարդկանց հետ հարաբերություններ ձևավորելու Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը և խնդիրները ներկայացնելու հնարավորություն էր:

«Շատ կարևոր շեշտադրում է, որ Հայաստանը չի լինելու հայցվորի դերում, չի լինելու խնդրողի դերում: Հայաստանի ճանապարհը հարթվելու է, նոր իշխանությունները նպատակասլաց գնալու են Հայաստանը հզորացնելու փոփոխություններին՝ սեփական արժեքների վրա հիմնվելով»,-ասաց Պողոսյանը:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ Պողոսյանը կարևորեց ԵՄ-ի կողմից ստանդարտ փաթեթների վերանայումը, որը հնարավորություն կտա այդ պայմանագրով ավելի կայուն բարեփոխումներ իրականցնել:

«Եթե նույնիսկ վերցնենք վիզաների ազատականացման գործընթացքը, Հայաստանը՝ ուսումնասիրելով վիզաների դյուրացման գործընթացի Վրաստանի և Ուկրաինայի փորձերը, մի քանի փոփոխություններ է իրականացնում, որը վիզաների ազատականացման բարեփոխումների փաթեթից է: Բնականաբար, փոփոխություններ ԵՄ-ն հետագայում չի իրականցնելու: Սա բոլոր ոլորտներին է վարբերվում: Այնտեղ, որտեղ Հայաստանն ինքնուրույն իր ճանապարհը հարթում է, բնականաբար, այդտեղ եթե կան նոր հնարավորություններ՝ թող գան այդ դաշտում օգնեն: Այն դաշտերը, որտեղ մենք չենք տիրապետում՝ այդտեղ շեշտադրումը դնեն»,-նկատեց Պողոսյանը:

Շահերի համընկնելու տեսակետից Պողոսյանը կարևորեց փոփոխությունները ծրագրերում, վարքագծում:

«Շատ է արծարծվում գումարային խնդիրը, որը, կխնդրեի՝ վերանայման պրոցես անցներ: Միգուցե 100 մլն-ով հնարավո՞ր է այնպիսի ծրագրեր անել, որոնք կբերեն միլիարդավոր ներդրումներ: Հայաստանը թող դառնա այն երկրներից, որի բարեփոխումները կդառնան օրինակ աշխարհի համար»,-հավելեց նա: