«Երևանցիների խնդրանքն ու հորդորը իմ քաղաքապետի թեկնածու առաջադրվելն է: Ինձ պետք է երևանցիները ընտրեն, երևանցիների կամքն ու ցանկությունն է այս նիստում քննարկվում: Ես պարտավոր եմ ներկայացնել երևանցիներին»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Դիտարկմանը, թե նախկինում բազմիցս հայտարարել է ավագանու լուծարման մասին, այդ դեպքում ինչո՞ւ որոշեց ավագանու կողմից քաղաքապետ ընտրվել, Փոստանջյանը պատասխանեց․ «Այս պահին լուծարվող ավագանի է, և մենք այս պահին ստանձնել ենք պարտականություն, որպեսզի մեր երկրում ամեն ինչ տեղի ունենա օրենքով։ Այս պահին մենք չունենք այնպիսի օրենքներ, որով կարող ենք ապահովել արդար, թափանցիկ և հավասար պայմաններում ընտրություններ։ Ոչ ոքիս համար գաղտնիք չէ՝ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, հետևաբար, նույն գործելաոճն է գործելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ լավ կլիներ այդ ամենը շտկել, նոր գնալ արտահերթ ընտրությունների։

 

Թե ինչու Հանրապետականն ու ԵԼՔ -ը չմասնակցեցին քաղաքապետի ընտրությանը, այստեղ Զարուհի Փոստանջյանը տեսավ երկու ուժերի միասին գործելու հավանականությունը՝ ընդգծելով, որ սա թերևս իր համար անակնկալ չէր:

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այսօր՝ հուլիսի 16-ին Երևանի ավագանին նիստ էր գումարել՝ նոր քաղաքապետ ընտրելու համար։

Քվորում, սակայն, չապահովվեց, հետեւաբար, տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: