Հանրությունը դժգոհություններ ունի մայրաքաղաքում աղբահանության աշխատանքների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և թիվ 2 բուժմիավորման թերապևտիկ ծառայության ղեկավար, թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանը լրագրողների հետ զրույցում քննարկել են մայրաքաղաքում աղբահանությանն առնչվող խնդիրները և անդրադարձել հանրության դժգոհություններին:
Աղբահանող կազմակերպություններն աղբահանությունն իրականացնում են ինչպես, երբ ցանկանում են: Երբ եկավ նոր «Սանիթեկ»-ը՝ ժողովրդի մեջ հույս արթնացավ, որ կբարելավվի այդ աշխատանքը:
«Կա Կառավարության որոշում, ըստ որի մինչև +9 ջերմաստիճանի դեպքում առնվազն երեք օրը մեկ պետք է պարտադիր աղբահանություն կատարվի: Մեկ այլ խնդիր է, որ աղբահանության վճարը փոստերով հնարավոր չէ կատարել, չկա այդ հնարավորությունը: Վճարները տնօրինում է քաղաքապետարանը, և չենք կարող իմանալ, թե որքան գումար է հատկացվում «Սանիթեկ»-ին և որքան գումար է մնում քաղաքապետարանին: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտության կարիք կա այս հարցի շուրջ: Քաղաքապետը և քաղաքապետարանը պետք է շահագրգռված լինեն, որ նորմալ աղբահանություն իրականացվի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Սրտաբան Մանուկյանը նշում է, որ միջազգային տվյալների համաձայն' միջինը +22-ից օդի բարձր ջերմաստիճանի դեպքում աղբահանություն պետք է իրականացվի օրը երեք անգամ: Օրգանական աղբը քայքայվում և նեխում է 48 ժամվա ընթացքում, իսկ շոգ օրերին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Շոգ եղանակին արագ զարգանում են նաև մանրէները, սնկերը: Բացի այդ՝ կրկնակի շատացել են աղիքային վիրուսային հիվանդությունները, հատկապես սննդային տոքսիկ ինֆեկցիան:
«Առաջին վնասը տհաճ հոտն է' ածխաջրի սուլֆիդը, որ արտազատվում է մթնոլորտ: Դա շատ թունավոր նյութ է և առաջացնում է բազմաթիվ ալերգիաներ, չորություն բերանի խոռոչում, քերոցի զգացում կոկորդում և ինքնազգացողության վատացում: Օրվա ընթացքում անընդհատ այդ օդը շնչելու պատճառով նվազում է նաև մարդու աշխատունակությունը: Գոնե մեկ անգամ օրը պետք է աղբահանվի»,- ահազանգեց Լամարա Մանուկյանը և հավելեց, որ շատ զգույշ պետք է լինել, եթե շենքերում առնետներ կան, որովհետև հիմնական աղբը տարածողները դրանք են: