ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը զերծ մնաց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում հնարավոր չարաշահումների մասին գնահատական տալուց: Նրա խոսքով՝ դրա համար լայնածավալ ստուգումներ ու ապացույցներ են պետք:
«Ես չեմ ուզում մերկապարանոց հայտարարություններ անել, չարաշահումների մասին խոսելուց առաջ լուրջ ստուգումներ պետք է լինեն»,-արտագնա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարարը: Նա նշեց, թե որքանով իրեն է հայտնի, քրեական գործ է հարուցվել խախտումների բացահայտման նպատակով, նախարարությունից էլ որոշակի փաստաթղթեր են հայցվել: «Մենք պատրաստ ենք նպաստել բացահայտումների գործընթացին: Եվ ես բոլորովին չեմ ասում, թե նախկինում խախտումներ չեն եղել, բայց քննիչ լինելով հանդերձ՝ գիտեմ, թե որքան կարևոր է ապացուցողական բազան»,-հավելեց պաշտոնյան։