Այս տարի ԲՈւՀ-երում դիմորդների թվի կտրուկ նվազմամբ պայմանավորված՝ մի շարք պետական և ոչ պետական ԲՈւՀ-երի որոշ ֆակուլտետներում ընդհանրապես ընդունելություն չի իրականացվել։ Այստեղ առավել թիրախային են դարձել ոչ պետական ԲՈՒՀ-երը, քանի որ  պետական ԲՈւՀ-երում անցողիկ շեմն այնքան ցածր է եղել, որ բոլոր դիմորդներն ընդունվել են պետական ԲՈՒՀ-եր։

Խնդրով պայամնավորված՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել մասնավոր ԲՈւՀ-երի ռեկտորների հետ և առաջարկել, որ նրանք միավորվեն։

 

Հանդիպման մանրամասների շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց Գլաձորի համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի հետ, ով նշեց, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նախարար դառնալուց հետո առաջին անգամ ցանկություն է հայտնել մասնավոր ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ հանդիպել և ներկայացնել իր տեսլականը կրթության և մասնավոր բուհական համակարգի մասին։ Հանդիպման ընթացքում ռեկտորներն ու ԿԳ նախարարը քննարկել են մասնավոր ԲՈՒՀ-երի գոյատևման հարցը և հանգել են եզրակացության, որ մասնավոր ԲՈՒՀ-երում պետք է ստուգումներ անցկացվեն և դրա հիման վրա կամ փակվեն, կամ էլ միավորվեն՝ գնալով խոշորացման ճանապարհով։

«Իմ կարծիքով, դա բավականին դժվար գործ կլինի։ Միավորման համար պետք է միավորվող սուբյեկտները լինեն նույն արժեհամակարգի կրողները։ Եթե նույն արժեհամակարգի կրողներ չեն, միավորվելն անիմաստ է։ Այդ միավորման գործընթացը կարող է լինել 2 սկզբունքով. կամ նմանը գտնում է նմանին և դառնում է ԲՈՒՀ, կամ դադարում է գործել։ Մենք պլաններ չունենք միավորվել որևէ ԲՈՒՀ-ի հետ, բայց եթե անգամ անհրաժեշտություն լինի՝ մենք կարող ենք միավորվել միայն մեզ հետ նույն արժեհամակարգը կրող ԲՈՒՀ-ի հետ»,-ասաց Ջհանգիրյանը։

 

Անդրադառանալով դիմորդների նվազմանը և պետական ԲՈՒՀ-երի ընդունելության շեմն իջեցնելուն, Ջհանգիրյանն ասաց, որ առաջին հերթին դա պայմանավորված է բնակչության և շրջանավարտների պակասով, սակայն մասնավոր ԲՈՒՀ-երի հանդեպ անվստահությունը գալիս է դեռևս Արմեն Աշոտյանի ԿԳ նախարար լինելու ժամանակներից, ով մշտապես կրկնել է, թե մասնավոր ԲՈՒՀ-երը լավը չեն, հետևաբար, ԿԳ նախարարի կողմից նման վերաբերմունքի դեպքում մասնավոր ԲՈՒՀ-երը աճ չէին կարող գրանցել: Ջհանգիրյանը հավելեց, որ աշխարհի 10 լավագույն ԲՈՒՀ-երը մասնավոր են, և նրանք լավագույնն են դարձել պետական օժանդակության շնորհիվ։

«Մեր կրթության նոր նախարարը  անառողջ կրթական համակարգ է ժառանգել և այն կրթական համակարգի տեսքի բերելու համար մեծ աշխատանք է անհրաժեշտ։ Ես կարծում եմ՝ հստակ քաղաքական կամք և ցանկություն դրսևորելու դեպքում դա հնարավոր է։ Հիմնական խնդիրը պետք է լինի այնպիսի կրթական ծրագրերի ստեղծումը, որ մենք պատրաստենք մասնագետ առաջին հերթին ՀՀ համար: Թե որ ԲՈՒՀ-ը դա կիրականացնի՝ պետության համար պետք է նշանակություն չունենա»,-ասաց Ջհանգիրյանը։