ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համարում է ապօրինի: Հրավիրված ասուլիսում Սողոմոնյանն իր անհամաձայնությունը հայտնեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ և նշեց, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը: «Մենք անպայման բողոքարկելու ենք մեղադրանքը և հարուցված քրեական գործերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սողոմոնյանը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը մանրամասներ ներկայացրեց հարցաքննության պրոցեսից և հարուցված քրեական գործի քննությունից: «Լավ ծանոթ չեմ դատարանի կողմից կայացրած որոշմանը, քանի որ ուշ ժամի ենք ստացել որոշումը, այն բավականին ծավալուն է և չեմ հասցրել ծանոթանալ, ժամանակը չի ներել: Խնդրում եմ, որ չտաք հարցեր, որոնց պատասխանը մեզ կդրդի խախտել այն ստորագրությունը, որ մենք տվել ենք՝ չհրապարակել քննության տվյալները», ասաց Սահակյանը:
Նա ընդգծեց, որ իրենց համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ-ի՝ հուլիսի 3-ի հաղորդագրությունը: «Ուսումնասիրեք, արդյոք բովանդակային առումով այդ հաղորդագրությունն ու առաջադրված մեղադրանքը նման են: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 26-ին՝ նա հրավիրված էր որպես վկա, բայց հենց առաջին իսկ պահից որոշել են մեղադրանք առաջադրել և հարցաքննել որպես մեղադրյալ: Իմ պրակտիկայում նման դեպք եղել է, ինձ էլ են մեղադրանք առաջադրել՝ հետո կարճել: Վստահ եմ, որ այս գործով ևս այդպես կլինի»,- ասաց Սահակյանը: Նա նշեց, որ Քոչարյանը ցուցմունք չի տվել, թեև պատրաստվել էր դրան, քանի որ ՀՔԾ-ն որոշել էր միանգամից մեղադրանք առաջադրել: «Անկեղծ ասած՝ կարծում էի, որ կկալանավորեն, չէի կասկածում:
Նկատեցի, որ հարցաքննության սենյակում գտնվում էին մարդիկ, որոնք մեկից ավելին էին, նրանցից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը, ընդամենը 17-18 տող և դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ և բերեց որոշում՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին»,- ասաց նա: Փաստաբանը տեղեկացրեց, որ կալանքի միջնորդությունը բավարարելու դատական նիստի մասին ծանուցագիր ինքը ստացել է ժամը 21:35-ին որտեղ նշված է եղել, որ նիստը նշանակվել է 22:00-ին: Սահակյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն, ծանուցագիր չի ուղարկվել. նա տարօրինակ համարեց դատական նիստը կարճ ժամանակում անցկացնելը, քանի որ փաստաբաններին գոնե մեկ օր ժամանակ էր պետք բոլոր նյութերին ծանոթանալու ու պաշտպանություն կազմակերպելու համար: