Բագրատաշենի անցակետի աշխատակիցները չեն թույլատրել քաղաքացի Գևորգ Օհանյանին իր գնած 7 ձմերուկը տեղափոխել Հայաստան։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Օհանյանը պատմեց, որ իրեն առաջարկել են «լավության կարգով» 3 ձմերուկ տալ իրենց, որպեսզի թույլատրեն մնացած 4-ը տանել իր հետ։
«Ասացին՝ 5 կգ է թույլատրվում, իսկ մեկ ձմերուկը 10 կգ է։ Ի՞նչ անեի՝ կեսը կտրեի, հետս բերեի՞։ 7 ձմերուկի համար վճարել եմ 3800 դրամի չափով գումար։ Ես իրենց առաջարկեցի ձմերուկները հետ տանել և իմ գումարը հետ վերցնել։ Նրանք ասացին՝ այդ 500 մետրը հետ գնալու համար նախարարությունից թույլտվություն է պետք։ Առաջարկեցի նաև՝ այդ ձմերուկները հյուրասիրել մեր քաղաքացիներին կամ անապահով ընտանիքի տալ։ Նրանք չցանկացան, որ ես այդ նպատակով օգտագործեմ, ես էլ չցանկացա իրենց տալ՝ կոտրեցի բոլոր ձմերուկները»,-ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ իր հետ անցակետի աշխատակիցները և քաղաքացիական հագուստով տղաները խոսել են գոռալով, ժարգոնով և նվաստացնելով, ստիպել են ջնջել տեսագրությունը, որը քաղաքացին տեսանկարահանել էր իր հետ այդպես խոսելու ընթացքում։
«7 հոգի շրջապատեցին ինձ՝ տեսնելով, որ նկարում եմ: Նրանցից երեքը քաղաքացիական հագուստով էին։ Նրանք քմծիծաղ տվեցին, երբ հարցրեցի՝ ո՞ւմ բողոքեմ կամ ո՞ւմ դիմեմ։ Ինձ ասացին՝ պարտավոր ես օրենք իմանալ, բայց եթե ես օրենք իմանայի, իրավաբան կաշխատեի»,-հավելեց Օհանյանը։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ՊԵԿ -ի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը, հաստատեց՝ «ԵԱՏՄ-ի օրենսդրության համաձայն 5 կգ-ից ավելի դեպքում ապրանքը համարվում է մաքսազերծման ենթակա։ Այդ օրենքը ԵԱՏՄ-ի ամբողջ երկների համար գրված օրենք է։ Երկրում ամեն ինչը սկսել ենք օրենքի տառին համաձայն անել»,-ասաց Մկրտչյանը։
Նշենք, որ նախկինում էլ նման դժգոհություն եղել է կապված ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: