Ինչպես տեղեկացնում է "РИА Новости" կայքը, Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովը խոսել է Խաչատուրյան քույրերի մասին, ովքեր կասկածվում են Մոսկվայում իրենց հորը սպանելու մեջ.
«Քույրերին ժամանակավոր պահման քննչական մեկուսարանում իրարից բաժանել են՝ տարբեր խցեր տանելով, հիմա նրանք կարանտինում են: Նրանք անհանգստանում են իրենց մոր, ինչպես նաև մտերիմների համար, որոնք կարող է այս քննության հետ առնչվեն: Անհրաժեշտ է հասկանալ, որ նրանք մանկությունից միշտ միասին են եղել, եւ հիմա նրանց համար սարսափելի է նման պայմաններում մենակ լինելը»,- ասել է Մելնիկովը:
«Նրանց տեղավորել են տարբեր խցերում, ներկա պահին կարանտինի փուլն են անցնում: Աղջիկներից ավագը եւ կրտսերը մենախցերում են, միջնեկը երկու խցակից ունի: Նրանց համար ապահովվել են ընդհանուր պայմաններ, սակայն մինչեւ հիմա անհրաժեշտ անձնական իրեր չունեն»,- ասել է աղջիկների իրավապաշտպանը:
Սպանվածի նախկին կինը՝ Աուրելիա Դունդուկը, տղամարդու հուղարկավորությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
«Հույս ունեմ, որ դատարանն աղջիկներիս կարդարացնի ու նվազագույն պատիժ կսահմանի»,- ասել է 39-ամյա կինը՝ հավելելով, որ նախկին ամուսինը միշտ էլ ստորացրել է իրեն, տնից վռնդել, իսկ իր գնալուց հետո ամբողջ բարկությունը թափել է աղջիկների վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայում իր բնակարանի սանդղահարթակում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դին՝ վզի ու կրծքի կտրած-ծակած բազմաթիվ վիրավորումներով։