Ռուսական Взгляд.ru կայքը ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրը: 

«Ուղիղ երեք ամիս՝ առաջ բողոքի ցույցերի արդյունքում, Հայաստանի իշխանությունները հանձնվեցին, և Հայաստանում հաղթեց Թավշյա հեղափոխությունը, որը Ռուսաստանում երբեմն անվանում են «գունավոր»: Ինչի է կարողացել այս ընթացքում հասնել շարժման առաջնորդ և ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ սխալներ է թույլ տվել և ինչ եզրակացություններ կարելի է անել «հայկական ոճով մայդանից»»,- գրում է կայքը և հավելում.

 

«Թավշյա հեղափոխությունը շատերի համար անսպասելի էր, չնայած սոցհարցումների արդյունքներից երևում էր՝ նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի հանդեպ մարդկանց անվստահության չափանիշը:

Երկիրն անհավասար կերպով բաժանված էր քաղաքական էլիտայի ու դրա հետ կապված օլիգարխների և մնացյալ ամբողջ բնակչության միջև:

Հերիք է միայն նշել, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանից արտագաղթել են 100 հազարավոր մարդիկ:

Հայտնի ֆրանսիացի շանսոնյե Շարլ Ազնավուրը, ով արմատներով հայ է, նշել է. «Մարդիկ լքում էին Հայաստանը ոչ այդքան ֆինանսական խնդիրների պատճառով, ինչքան որ սոցիալական անհավասարության պատճառով»:

Ցանկացած քաղաքական գործչի անհրաժեշտ է թեկուզ մեկ տարի իր դիրքերն ամրապնդելու համար, առավել ևս, որ իշխանությունից հեռացած էլիտայի խարդախության պատճառով Հայաստանը վերածվել էր խորհրդարանական հանրապետության և Փաշինյանը յուրահատուկ իրավիճակում է՝ գլխավորում է կառավարությունը մի կուսակցությունից, որը խորհրդարանում բացարձակ փոքրամասնություն ունի:

Դիտարկելով պատմական տեսանկյունից՝ 3 ամիսը շատ կարճ ժամկետ է լուրջ եզրակացություններ անելու համար:

 

Այնուամենայնիվ, հիմա արդեն կարելի է խոստովանել՝ Նիկոլ Փաշինյանը հաջողեց իրականացնել իշխանափոխություն ու հեղափոխություն։ Նոր վարչապետը հաջողված ընդդիմության առաջնորդ է, հեղափոխական եւ հասարակական գործիչ, ով պայքարեց ոչ ժողովրդավարական իշխանության դեմ։ Դրանով նա երկրում նոր կյանք բերեց և փաստացիորեն բնակչությունը ներշնչվեց լավատեսությամբ և հույսերով:

Փաշինյանի որոշ նշանակումներ արդեն քննադատության են արժանացել, դա վերաբերում է նաև պրակտիկ քայլերին, որոնք կարելի է անվանել չափազանց կտրուկ և չմտածված, հատկապես այն քայլերը, որոնք դարձել են Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածության պատճառ:

Նիկոլ Փաշինյանի ամենազգայուն որոշումը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետաքննության վերսկսումն է, երբ ժողուրդը դուրս էր եկել ընտրախախտումներով նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի դեմ և մասշտաբային ցույցեր էր անում:

Փաշինյանը Հայաստանի նորագույն պատմության շրջանում սկսել է ամենամասշտաբային արշավը կոռուպցիայի դեմ պայքարում:

Օլիգարխների նկատմամբ ճնշում է գործադրվում, որն էլ պատճառ է դարձել պահվածքի և հռետորաբանության փոփոխության: Բավական է համեմատել, թե ինչպես էին իշխանամետ գործարարները շփվում մամուլի հետ մինչև հեղափոխությունը և ինչպես են նրանք փորձում սիրալիր լինել մամուլի և հանրային կարծիքի հետ այժմ: Իհարկե, մինչ կատարելություն դեռ շատ կա, բայց առաջընթացն ակնհայտ է, անամոթությունն ու աներեսությունն ակնհայտորեն նվազել են»,- գրում է հոդվածագիրը։