Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հիշում, որ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) հետ որևէ անձնական կոնֆլիկտ ունեցած լինի: Այդ մասին Օսիպյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Չգիտեմ' ինչի մասին է խոսքը: Տարիներ առաջ մարզադաշտում կարգ է խախտել, ընդամենը դիտողություն եմ արել, միգուցե դա՞ նկատի ունեն: Երեկ ինքս էլ կարդացել եմ այդ հոդվածը և վերլուծություն եմ արել' ի՞նչ կարող է լինել, սակայն, բացի այն, ինչ նոր նշեցի, ուրիշ որևէ բան չկա», - ասաց ոստիկանապետը:

Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ դժգոհություն հայտնելով ոստիկանության գործելաոճից, մեղադրելով ոստիկանությանը անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։ Նրանք նաև կոչ էին արել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով: