«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շուտով կհարցաքննվի նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը. այդ մասին երեկ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը առանց բացառության: Այո՛, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Դա արդեն քրեական գործի քննության անհրաժեշտությունից ելնելով' որոշում է քննիչը' ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից»,- ասել է նա:

Հատկանշական է փաստը, որ դեռ մինչեւ երեկ ՀՔԾ պետն ուղղակի չէր հայտարարել Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտության մասին: Օգոստոսի 9-ին' կառավարության նախորդ նիստից հետո, նաեւ դրանից առաջ լրագրողների՝ Ս.Սարգսյանին հարցաքննելու մասին հարցին Խաչատրյանն ընդհանրական պատասխան էր տվել' ասելով, թե կհարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի մասին: Այնինչ երեկ նա ուղղակիորեն մատնանշել է նաեւ ՀՀ երրորդ նախագահի անունը:

Սա ինքնին ուշագրավ է, եթե հաշվի առնենք փաստը, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետ, եւ այդ իրադարձություններից հետո ինքը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը, հոկտեմբերի 26-ի իր հարցազրույցում խոսելով մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին, ասել էր, թե այդ կապակցությամբ խորհրդակցել է ԱԺ նախագահի ու վարչապետի հետ:

Հետաքրքիր է՝ Ս.Սարգսյանին միայն որպես վկա կհարցաքննեն, թե նրան էլ մեղադրանք կառաջադրվի սահմանադրական կարգը տապալելու համար եւ կկալանավորեն. ի վերջո, պաշտպանության նախարարը, որն արձակել է քրեական գործի հիմք դարձած 0038 գաղտնի հրամանը, կառավարության անդամ էր, ասել է թե' բացի նախագահից ենթարկվում էր նաեւ վարչապետին:

Ավելի մանրամասն' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: