Մանվել Գրիգորյանի լուսանկարը չի արվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, այն արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ)։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ ծառայողական քննություն է իրականացվում, քանի որ դատապարտյալին լուսանկարելն ու այդ լուսանկարը ԶԼՄ-ներում հրապարակելը դատապարտելի արարք է։
«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են և այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում: Սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայանությունը լուսանկարվելուն: ԶԼՄ-ն պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովհետև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել: Սա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում»,-ասաց Արտակ Զեյնալյանը՝ հավելելով. «Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել՝ անկախ անձից, անկախ անձի հանդեպ եղած վերաբերմունքից: Սա ունիվերսալ իրավունք է ու կկիրառվի բոլորի հանդեպ»: