Այսօր արդեն կարելի է չկասկածել, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն արդյունքում կանդրադառնան նաև այն պետությունների վրա, որոնք ռուսական կորպորացիաներից զենք են գնում։ Դեռևս այս տարվա սկզբին ԱՄՆ-ն ծանուցել էր Հայաստանի կառավարությանը, որ այն պետությունները, որոնք «էական չափով» գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ՝ կարող են ենթարկվել պատժամիջոցների: Այդ զգուշացումը, իհարկե, ուղղված էր նախորդ կառավարությանը: Դրանից հետո երկրում, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, սակայն ԱՄՆ քաղաքականությունը այս հարցում որևէ տրանսֆորմացիայի չի ենթարկվել, հետևաբար, Հայաստանը, շարունակելով զենք և զինամթերք գնել դաշնակից ՌԴ-ից, հայտնվում է սանկցիաների անմիջական թիրախում:
Ի դեպ, այդ թիրախում է հայտնվում ոչ միայն Հայաստանը: Ադրբեջանը ևս ռուսական սպառազինության գնորդներից է։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն՝ ներքին գներով։ ՀՀ-ն վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադրության նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը նախկինում արդեն հասցրել է հսկայական քանակությամբ զենք գնել ոչ միայն Ռուսաստանից։ Բաքուն մեծ քանակությամբ զենք է շարունակում գնել նաև Բելառուսից, Թուրքիայից, Պակիստանից և Իսրայելից։ Եվ անհրաժեշտ է հավասարակշել սպառազինությունը…
Ստացվում է` եթե ԱՄՆ-ը պահանջի Արցախյան հակամարտության երկու կողմերից՝ համագործակցություն հաստատել զենք արտադրող ռուսական կորպորացիաների հետ, ապա դա ձեռնտու կլինի բացառապես Ադրբեջանին։ Նա հնարավորություն կունենա իր ֆինանսական միջոցները բաշխել մյուս առաքիչների վրա, ինչը Հայաստանը չի կարող անել, քանի որ Երևանը չունի «նավթադոլարներ»։
Այս օրերին ՀՀ ՊՆ ղեկավարը գտնվում է Մոսկվայում, իսկ ՊՆ մամուլի քարտուղարը երեկ անչափ կարևոր լուր էր տարածել այն մասին, որ Հայաստանում պատրաստվում են «Կալաշնիկովի» նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու: Իսկ ողջ խնդիրը կայանում է նրանում, որ «Կալաշնիկով գրուպ»-ը 2014թ.-ից հետո գտնվում է ԱՄՆ-ի ու Եվրամիության պատժամիջոցների տակ: Արդյո՞ք հայկական կողմը հաշվարկել է հակաամերիկյան այս դեմարշի բոլոր հետևանքները, որոնք, անշուշտ, երկար սպասեցնել չեն տա…