ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել: Համենայն դեպս, նա առայժմ չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն, իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Անկախ այն հանգամանքից, որ Քոչարյանը երկրորդ բևեռ դառնալու հայտ է ներկայացրել, անհրաժեշտ է նաև ճիշտ գնահատել հնարավոր պայքարում նրա «մեկնարկային դիրքը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել է, որ «հակահեղափոխությունը» հաղթելու տարբերակ չունի ու նրա հետ սկզբունքորեն կարելի է համաձայնվել։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն իրականության զգացումից կտրել է նախկին համակարգը ներկայացնող սեգմենտներին՝ նրանց մոտ ծնելով կոնսոլիդացվելու, իշխանությունը վերադարձնելու հույսեր։ Կասկածից վեր էր, որ այդ հույսերը առաջանալու էին, և այսպես կոչված «ռևանշիստները», Փաշինյանի վարած քաղաքականությունից դժգոհողները ձգտելու էին համախմբվել հենց Քոչարյանի շուրջ: Սակայն արդյո՞ք այդ համախմբումը, եթե անգամ այն տեղի ունենա, կբերի լուրջ քաղաքական դիվիդենտներ: Թերևս՝ ոչ: Այն պարզ պատճառով, որ «հակահեղափոխությունը» այս պահին չունի սոցիալական հենարան, և գրեթե բոլոր սոցիալական խմբերին այս պահին բավարարում է Նիկոլ Փաշինյանի կաբինետի աշխատանքը:
Քոչարյանը Փաշինյանի համար չի կարող լինել քաղաքական հակառակորդ նաև ոչ պակաս կարևոր բաղադրիչի բացակայության պատճառով: Խոսքը, իհարկե, այս երկու քաղաքական գործիչների վարկանիշների տարբերության մասին է: 10 տարի շարունակ բացակայելով քաղաքական թատերաբեմից, Քոչարյանը, ըստ էության, լուրջ վարկանիշային կորուստ է կրել: Այս տարիների ընթացքում գրեթե բոլոր մեդիառեսուրսները Մարտի 1-ը և մասամբ նաև Հոկտեմբերի 27-ը կապել են հենց Քոչարյանի անվան հետ և հասկանալի է, որ վերադարձի պարագայում Երկրորդ նախագահը բախվելու է արդեն իսկ կարծրացած քաղաքական իմիջի փոփոխության խնդրին: Հենց այստեղ է, որ «մեկնարկային դիրքի» տեսանկյունից Քոչարյանի վիճակը նախանձելի չէ՝ նրա քաղաքական հայտը ձևակերպվում է զրոյական վարկանիշի ֆոնին: Իրավիճակի փոփոխությունը, ինչ խոսք, մեկ-երկու շաբաթվա գործ չէ, անգամ եթե Քոչարյանը, օգտագործելով իր ֆինանսական ահռելի ռեսուրսները, իր ձեռքում կենտրոնացնի մեդիա դաշտը, ինչին, ի դեպ, նա արդեն իսկ լծվել է՝ մամուլում պարբերաբար կարելի է հանդիպել այն լրատվամիջոցների ցանկը, որոնք վերջին օրերի ընթացքում գնվել են Քոչարյանի կամ նրա հետ կապվող անձանց կողմից:
Ի տարբերություն Քոչարյանի՝ Փաշինյանի վարկանիշը վարչապետի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց էլ կայուն բարձր է: Փաշինյանի գլխավոր քաղաքական հենարանը շարունակում է մնալ ժողովրդական լայն աջակցությունը, որի հետ «հակահեղափոխության» ջատագովները, այսպես թե այնպես, ստիպված են լինելու հաշվի նստել: Բացի հանրության աջակցության մեծ պաշարից, չպետք է մոռանալ, որ Փաշինյանի ձեռքում է կենտրոնացված նաև վարչական ապարատը, ինչը ևս կարելի է դիտարկել իբրև առավելություն:
Ներքաղաքական դաշտում ձևավորված իրականության անգամ հպանցիկ վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ Քոչարյանն այս պահին չի կարող հանդիսանալ ո՛չ հակառակորդ գործող վարչապետին, ո՛չ էլ, առավել ևս՝ «հակահեղափոխության» կենտրոն: Հենց միայն այն պատճառով, որ Քոչարյանի շուրջ չի շտապում ձևավորվել քաղաքական թիմ: Այս պահին միայն ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն են արտահայտվել երկրորդ նախագահի հետ հնարավոր համագործակցության մասին: Միևնույն ժամանակ, հնչած տեսակետները, թե ՀՀԿ-ն որոշել է փոխել իր լիդերին և քաղաքական «ռեինկարնացիայի» հասնել Քոչարյանի շուրջ համախմբվելով՝ այդ վարկածը որևէ քննադատության չի դիմանում: Ակնհայտ է, որ ՀՀԿ անփոխարինելի ղեկավար Սերժ Սարգսյանը չի շտապում ողջ կուսակցությունը դնել Քոչարյանի տրամադրության տակ: Սրանից հետևում է, որ Սարգսյանն ունի իր սեփական քաղաքական ծրագիրը և պատրաստվում է խաղալ ինքնուրույն...