Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված օգոստոսյան մանկավարժական ավանդական խորհրդակցությանը, որին հրավիրվել էին Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենները, նոր ուսումնական տարվա եւ առաջիկայում սպասվող կրթական բարեփոխումների մասին իր նկատառումներն անձամբ ներկայացրեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորեց հանրակրթական հաստատությունների տնօրեններին: Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքին մեկ օր առաջ կյանքին հրաժեշտ տված Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի հիշատակը: Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկեց փոխել օգոստոսյան խորհրդակցությունների ավանդական ձեւաչափը եւ տարեկան հաշվետու զեկույցները ներկայացնելու փոխարեն քննարկել կրթական համակարգում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:«Անշուշտ, բոլորիդ հետաքրքրում է, թե ինչ քայլեր է ձեռնարկում հայրենի կառավարությունը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Հանրակրթությունն այն ոլորտն է, որտեղ փոփոխություններն արագ չեն կարող լինել, բայց մարզային իշխանությունների եւ կրթական համակարգի ներկայացուցիչների հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ կարող ենք լուրջ հաջողությունների հասնել նախատեսվող բարեփոխումների իրականացման ճանապարհին: Մեզ չեն բավարարում ինչպես հանրակրթական ծրագրերը, այնպես էլ՝ գործող դասագրքերը, տնօրենների մրցույթների կազմակերպման, ուսուցիչների աշխատանքի ընդունման կարգերը:
Նախկին մեթոդները մեզ համար պարզապես անընդունելի են եւ չեն կարող կիրառվել, դպրոցական խորհուրդները նախկին տրամաբանությամբ չեն կարող գործել, եւ մենք դրանք արմատախիլ կանենք: Նախարարությունը եւ մարզային իշխանությունները նպատակ չունեն իրավապահներին դպրոց բերել, բայց եթե կրթական հաստատությունների տնօրենները փորձեն դուրս գալ օրենքով սահմանված կարգով աշխատելու շրջանակներից, ապա նրանք ստիպված կլինեն պատասխան տալ նույն օրենքի առաջ»,- նշեց նախարարը: Արայիկ Հարությունյանն անթույլատրելի եւ անընդունելի համարեց դպրոցների քաղաքականացումը, դպրոցներում դրամահավաքների կազմակերպումը, նկատված արատավոր այլ երեւույթների կրկնումը եւ, միաժամանակ, կարեւորեց ներառական համընդհանուր կրթության արմատավորումը: «Դպրոցները պետք է հիմնովին ապաքաղաքականացվեն: Իսկ մենք մեր բարեփոխումների ճանապարհին պետք է հենվենք պրոֆեսիոնալ կադրերի վրա, ովքեր քիչ չեն մեր շրջապատում եւ ովքեր կլինեն մեր հուսալի աջակիցը: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մինչեւ 2020 թվականը անցնենք համընդհանուր ներառական կրթության, որը ոչ այնքան հատուկ կարիքավոր երեխաների, այլ ողջ հասարակության շահերից է բխում»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը: Նախարարը կրթական համակարգում նորամուծություններից մեկը համարեց առաջին դասարանների ընդունելությունը վիճակահանությամբ կատարելու կարգը:
«Այսուհետ տնօրենները եւ ծնողները չեն որոշելու, թե որ երեխան որ դասվարի մոտ է ընդունվելու, որպեսզի ավանդույթի ուժով չշարունակենք ունենալ թույլ եւ ուժեղ դասարաններ, որպեսզի բոլոր դասվար ուսուցիչներն ունենան հավասար պայմաններ: Մեր հիմնական սկզբունքն է՝ ունենալ արդար դպրոց, որտեղ կրթությունը հասանելի լինի բոլորին»,- շեշտեց նախարարը: Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ ավագ դպրոցների դերի բարձրացման խնդրին:«Ավագ դպրոցների ոչ լիարժեք կայացման հիմնական պատճառը քաղաքային համայնքներում միջնակարգ դպրոցների պահպանման քաղաքականությունն է եւ ուսումնարանների ու քոլեջների հետ մրցակցային անհավասար պայմանները, ուստի, մենք պետք է գտնենք այն ճանապարհները, որոնց միջոցով կկարողանանք շատ սեղմ ժամկետներում բարձրացնել ավագ դպրոցների դերը: Ինչ վերաբերում է աշակերտական հագուստներին, ապա ոչ ոք իրավունք չունի ծնողին կամ աշակերտին պարտադրել՝ ինչ-որ հատուկ հագուստ կրելու:
Կարծում եմ, որ հատուկ ու միանման հագուստների կրումը կարգապահության բարձրացման հետ կապ չունի»,-կարծիք հայտնեց նախարարը: Արայիկ Հարությունը կարեւորեց նաեւ ավարտական քննությունների փոխարեն միասնական քննություններ մտցնելու կարգը, որով դպրոցներում վերջ կտրվի տնավարի քննություններ կազմակերպելու նկատված ու անթույլատրելի փաստերին եւ կարտացոլվի գիտելիքների իրական պատկերը:«Այն տնօրենները եւ ուսուցիչները, ովքեր միտված են մեր կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, մենք համարելու ենք մեզ համար հուսալի գործընկերներ, իսկ նրանք, ովքեր չեն համապատասխանի իրենց մասնագիտական ու մանկավարժական որակներին,ստիպված կլինեն մասնագիտական այլ աշխատանք փնտրել: Կարծում եմ, որ չսովորող աշակերտ չկա, կա հետաքրքրություն առաջացնելու խնդիր: Ուսուցիչը պետք է սովորի սովորեցնել»,- իր նկատառումներն ամփոփեց նախարարը:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ դպրոցական արձակուրդների ընթացքում հասցրել է անձամբ լինել մարզի դպրոցների մեծ մասում, ծանոթանալ հիմնախնդիրներին, լուծում տալ որոշակի հարցերի:«Մնացած հաստատություններում, ուր չեմ հասցրել լինել, անձամբ կայցելեմ առաջիկա ամսին: Բարձրացված ոչ մի հարց չի մնալու անհետեւանք: Կփորձենք համագործակցված աշխատանքով շարժվել առաջ ու կարգավորել բոլոր կնճռոտ հարցերը»,- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այնուհետ նախարարը պատասխանեց ներկաների բազմաբովանդակ հարցերին, որոնք վերաբերում էին ավագ դպրոցների դերի բարձրացման, ուսուցիչների մրցույթի անցկացման կարգի, դպրոցի տնօրենի ընտրության, դասարանների կոմպլեկտավորման, դպրոցաշինության, դպրոցների տեխնիկական անձնակազմի հաստիքների հանիրավի կրճատման եւ այլ կարեւոր հիմնախնդիրների:
Խոսրով Խլղաթյան