«Հակահեղափոխությունը պետք է լինի Հանրապետականը, պետք է իրենք անեն կամ Ռոբերտ Քոչարյանն իրենց հետ: Կարծում եմ՝ սա անելու շանսեր չկա, քանի որ հակահեղափոխության օջախ ՀՀ-ում չկա. ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
 
Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են.  «Ներկայիս խորհրդարանում չկա ընդդիմություն ու իշխանություն: ՀՀԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակել, բայց ընդդիմությունը պետք է վայելի ժողովրդի վստահությունը: Ընդդիմադիր ուժը ժողովրդի վստահությունը վայելող ուժ է, իսկ մենք չգիտենք՝ ՀՀԿ-ն ժողովրդի վստահությունը վայելող է, թե՝ ոչ: Իսկ դա կարելի է իմանալ միայն ընտրությունների միջոցով»,-ասաց Մարուքյանը։
 
Պատգամավորը նշեց, որ իրենք խորհրդարանը լուծարելու ցանկացած սահմանադրական մոդելի համաձայն են.  
«Տարբերակներից մեկը վարչապետի հրաժարական տալն է, մյուսը՝ սահմանադրական փոփոխութունները։ Երկու մոդելին էլ մենք համաձայն ենք, քանի որ օր առաջ պետք է խորհրդարանը լուծարել ու կազմակերպել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում հեղափոխության արդյունքները վերջնականապես կկապիտալիզացվեն», - նշեց նա։