«Մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, անհրաժեշտ ինչ-որ կա Երեւանի համար, մենք չենք խոսելու 10-20 տարի հետո, այլ անմիջապես՝ ինչն է կարեւոր։ Չկա պատմության մեջ բան, որ Ծառուկյանը խոստացած լինի ու չիրականացնի: Ում կընտրեն երեւանցիները՝ իրենց ցավն էլ տանեմ, իրենց քաղաքն է, իրենք էլ պարտավոր են ընտրելու եւ ըստ ընտրողի էլ իրենց քաղաքի հարցերը կկարգավորվեն: Մենք կհաղթենք, թե ուրիշ թեկնածու, ով հաղթի, մենք շնորհավորելու ենք հաղթողին»,- այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցությանը:
Հիշեցմանը, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին իրենք չէին մասնակցել, Ծառուկյանն արձագանքեց. «Դե հիմա նոր Հայաստան է: Նախկինում ասում էին՝ ոնց որոշեն, այդպես կշարունակվի, բոլոր ճանապարհները Մելիք-Ադամյանով են գնում, իսկ հիմա հնարավորություն է տրված, մենք էլ մասնակցում ենք, ներկայացնում ենք մեր ծրագրերը»:
Պատրա՞ստ է Ծառուկյանն ընտրությունների ժամանակ կամ դրանից հետո մնալ Փաշինյանի կողքին՝ հարցին ի պատասխան ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Դուք տեսնում եք՝ այժմ մենք մնացել ենք, ես իմ ժողովրդի ցավը տանեմ։ Ժողովրդին ասել եմ՝ ձեր թեկնածուն ով ա, ում եք ուզում, ասել են՝ պարոն Փաշինյանին։ Մենք թեկնածու չենք դրել, չենք առաջադրվել, մենք պաշտոնի կարիք չունենք։ Պարոն Փաշինյանի կողքին կանգնել ենք, հեղափոխության ղեկավարը նա է եղել, մենք էլ մեր չափով աջակցել ենք»,- նշեց նա։
Ծառուկյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին ապրիլի 22-ին ձեբակալելու ժամանակ իրենք հայտարարել են, որ ընդդիմադիր գործընկերների կողքին են:
«1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի։ Այսօր համագործակցում ենք շատ նորմալ: Իհարկե, թիմերում կարող են խնդիրներ լինել, բայց վերջնական մենք իրար հետ քննարկում ենք: Ուզում ենք ժողովրդի հույսն ու հավատն իրականացնենք»,- ասաց Ծառուկյանը։