Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման գործով հետախուզվող, 49-ամյա Գագիկ Դանոյանը հայտնաբերվել է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա տեղեկացրեց՝ հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանում. «Այժմ իրավասու մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը՝ նրա՝ Հայաստան արտահանձնումը կազմակերպելու համար»,-նշեց Տռուզյանը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել Դանոյանին մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի։
Նշենք, որ տուժող Արման Մկրտումյանն առանձնատան վրա զինված ավազակային հարձակման ժամանակ դիմադրություն ցուցաբերելիս վնասվածք էր ստացել: Նա ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխանցել էր, որ Արման Մկրտումյանի վիճակը ծանր չէ և նա չի հոսպիտալացվել. «Նրա վիճակը ծանր չէ, և նա հրաժարվել է հոսպիտալացվելուց: Ունի հրազենային վնասվածք, ներքին օրգանները վնասված չեն: Արվել է առաջին վիրաբուժական մշակում և հիվանդը տուն է ուղարկվել»:
Նշենք նաև՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաև սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Խոսքը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի մասին է, որը ձերբակալվել էր։
Սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր նաև երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել էին զենքերը։
Հարուցվել էր քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Նշենք, որ բացի Գագիկ Դանոյանից այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի: Վերջիններս կալանավորված են:
Սոնա Հարությունյան