ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը:

Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ զրոյից կառույց հիմնելը դժվար, բայց շատ հաճելի գործ է։

Կառույցի առաջին վերահսկողությունը Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում է եղել։ Ըստ Սանսարյանի՝ բոլոր կառույցներում, ըստ նախնական գնահատականի, հանցակազմ պարունակող իրավիճակներ են եղել։

«Առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձնեն պետբյուջե։ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ գումար վերադարձնել պետբյուջե։ Նրանք ասել են, որ պատրաստ են վերադարձնել պետբյուջե գումարներ․ ինքնակամ եկել են և ցանկացել վերադարձնել», - ասաց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ իրենց գործը պետբյուջե գումար լցնելը չէ, այլ՝ ուսումնասիրություն անելը։

Սանասարյանը նկատեց, որ ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է, սակայն խուսափեց անուններ հնչեցնել՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով։ Նա միայն նշեց, որ խախտումներ եղել են Էջմիածին համայնքում, մասնավորապես՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի տան անդամները բժշկական ապահովություն ստացել են քաղաքապետարանի հաշվին։