Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու 2018 թ. արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները (ցուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ, ընտրատեղամասերին՝ այստեղ): Նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ընտրողների ցուցակների ստուգումներ իրականացնելու համար, որպեսզի նախկին ընտրություններում տեղի ունեցած երևույթները չկրկնվեն և հանրությունը վստահ լինի, որ գնում է ազատ և արդար ընտրության:
«2017թ ընտրությունների ժամանակ մոտ 2 588 947 ընտրողի ցուցակ է հրապարակվել, որից ընտրություններին մասնակցել են 1 574 947 ընտրող։ Որից հետո ընտրությունների մասնակիցների ցուցակները հրապարակվեցին, սակայն լուրջ կեղծիքներ մինչ օրս չի հայտնաբերվել։ 1,5 միլիոն մասնակիցների թիվը խիստ կասկածելի է, ասեմ ավելին, անհավանական է թվում։ Անհավանական է թվում նաև այն, որ նրանց մոտ 50% ՀՀԿ-ին է ձայն տվել։ Այդ դեպքում անհասկանալի է, թե մեկ տարի անց ովքեր էին հեղափոխություն անում։
Եթե համարենք, որ ՀՀԿ-ին ձայն տվողների մոտ կեսը հանուն Նժդեհի է ՀՀԿ-ին ձայն տվել, իսկ մյուս կեսը հանուն փողի, ապա ամենակոպիտ հաշվարկներով, մոտ 100 միլիոն դոլար ընտրակաշառք է բաժանվել, հաշվի առնելով նաև «տասովշիկների» եկամուտը։ Այդ դեպքում լուրջ տնտեսական աճ կարձանագրվեր ու առևտրի շրջանառության ավելացում։
Հարց է առաջանում՝ ինչպես է այդ թիվը ստացվել։ Ըստ տրամաբանության՝ երկրից բացակայողների անունները գրանցվել են մի քանի անգամ, հիմնականում նորակառույց ու չբնակեցված շենքերում։ Դրա պատճառով էլ հայտնաբերվում են մարդիկ, որոնք մի քանի հասցեներում են գրանցված։ Դրա համար ընդամենը պետք է այդ շենքերի հասցեներում գրանցված ընտրողների ցուցակները ստուգել»,- ասաց Դանիելյանը
Քաղաքագետի կածիքով՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, այդ ցուցակների խնդիրը, կարծես թե, չի պարզաբանվել. «Վարկածի ճիշտ լինելու դեպքում հասկանալի է, որ այդ ցուցակների կազմմանը մասնակցել են նաև ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցները։ Հայաստանում գտնվողների թիվը անձ առ անձ հայտնի է, խոսքը ՍԷԿՏ համակարգի տվյալների մասին է: Վարչապետն ունի այդ խնդիրը պարզելու հնարավորույթուն, հենց այս համակարգի միջոցով, որտեղ հստակ նշված է՝ որքան բնակչույթուն կա ներկա պահին Հայաստանում: Երբ տեսնեք 1,5 մլն կա, եթե 100 % է, ուրեմն 100 % մասնակցություն է եղել, և եթե կան խնդիրներ՝ դրանք պարզաբանի և հանրության կասկածները փարատվի, որ այս ընտրություններում նման դեպքեր չեն կրկնվի: Մարդիկ վստահություն ունենան ավագանու ընտրություններին և հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններին գնալու: Հիմա էլեկտրոնային դարաշրջան է և մենք պետք է վստահ լինենք, որ պետությունը ապահովում է արդար և ազատ ընտրություններ և եթե նախկինում եղել են թերացումներ, ապա դրանք վերացվում են, իսկ եթե չեն եղել, ապա պետք է հայտարարվի, որ չի եղել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գործող իշխանությանն ընդամենը 10 րոպե է պետք իմանալու համար, թե 2017-ին իրականում որքան ընտրող է եղել Հայաստանում և այդ 1,5 միլիոն թիվն ինչպես է ստացվել։
«Ընտրողների ցուցակների կեղծումը ծանրագույն պետական հանցագործություն է և ինչպես է կարելի խոսել արդար ու օրինական ընտրությունների մասին, եթե այդ ցուցակների հնարավոր կեղծման խնդիրը պարզված չէ ու նույն անձինք մասնակցելու են ընտրությունների կազմակերպմանը»,- նշեց քաղաքագետը։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Դրանց մասնակցում է 12 քաղաքական ուժ:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Հայկ Մարության
«Օրինաց Երկիր» կուսակցություն, թեկնածուն՝ Մհեր Շահգելդյան
«Հայ Յեղափոխական» Դաշնակցություն կուսակցություն, թեկնածուն՝ Միքայել Մանուկյան
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Արարատ Զուրաբյան
Ռեֆորմիստների կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Ավետյան
«Ժառանգություն» կուսակցություն, թեկնածուն՝ Արմեն Մարտիրոսյան
«Լույս» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Արտակ Զեյնալյան
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Անահիտ Թարխանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյան
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն, թեկանծուն՝ Գևորգ Հովսեփյան
«Երկիր Ծիրանի» կուսակցություն, թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյան
«Ժողովրդական Ուղի» կուսակցություն, թեկնածուն՝ Մանուել Գասպարյան
Սոնա Հարությունյան