«Մեր աջակցությունը ՀՀ երկրորդ նախագահին պայմանավորված է իր հանդեպ հարուցված, մեր գնահատականներով, ապօրինի քաղաքական հաշավերհարդար հիշեցնող, սահմանադրականության հետ որևէ աղերս չունեցող գործընթացի հետ»,-անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀԿ-ի համագործակցությանը՝ այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Եվ այս պայքարն ու աջակցությունն այս պահին բացառապես իրավական և քաղաքական դաշտում է: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, թե՝ տեսեք, մենք Ռոբերտ Քոչարյանին ազատել ենք և այլն (այդպիսի մտահոգություններ ու ելևէջներ կային այդ հարցազրույցում), միայն ընդգծում էին այն հանգամանքը, ինչից պաշտոնական քարոզչությունը, վարչապետի գլխավորությամբ, մինչև մոսկովյան այցը փորձում էր հրաժարվել կամ, համենայն դեպս, տպավորություն ստեղծել, որ այդպիսի օրակարգային հարց չկա»,- նշեց Աշոտյանը։
Պատգամավորը կարծում է, որ պետք է պահանջենք կառավարությունից, վարչապետից՝ մաքսիմալ շիտակ և ազնիվ աշխատեն։
«Կարծում եմ, որ մենք բոլորս միասին պետք է պահանջենք մեր կառավարությունից՝ վարչապետից հատկապես՝ լինել մաքսիմալ շիտակ, ազնիվ հասարակության հետ, քաղաքական դաշտի հետ, պետական մարմինների հետ, որովհետև մենք այստեղ՝ ԱԺ–ում ունենք ինստիտուցիոնալ սահմանադրական մարմին, որին հաշվետու է նաև կառավարությունը։ Ես կուզենամ, որ այդ հարաբերություններում արտաքին քաղաքականության հետ կապված մանիպուլյացիաներ, բառախաղեր, տեղեկատվական օպերացիաներ չիրականացվեն, որովհետև դրանց կյանքը շատ կարճ է և միայն ընդգծում է խնդրի գոյությունը»,-ավելացրեց Արմեն Աշոտյանը։