Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած, հոգնեցուցիչ և հյուծող այց է ունեցել, այնքան լարված է եղել, որ երևի թե մոռացել է, որ երկրում կա ՀՀ գործող Սահմանադրություն։ Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Коммерсантъ»-ին հայտնած կարծիքին, թե հնարավոր է՝ այս տարի լինեն արտահերթ ընտրություններ, ասաց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ ՀՀԿ-ն ինչո՞ւ չի ցանկանում սահմանադրական փոփոխություններ լինեն, Աշոտյանը պատասխանեց․ 

 

«Եթե մի գեղեցիկ, խելացի աղջկա, որը դեռ ամուսնացած չէ, ասում են՝ դու պետք է պսակվես, ինքը ի՞նչ պետք է ասի՝ այո՞, եթե չգիտի՝ ում հետ, ով է այդ մարդը, ինչ ընտանքից: Օրինակը շատ կենցաղային էր, բայց շատ տիպիկ, որովհետև սահմանադրական փոփոխություններ կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, ապա խորհրդարանական հանրապետության մոդելից որևէ մեկը, անգամ գործող կառավարությունը իր հանրային ելույթներում չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել վերարտադրվելու համար, կարծում եմ, բնորոշ է, օրինակ՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի նման երկրներին, որտեղ Սահմանադրությունը փոխվում էր վերարտադրության համար»։

Պատգամավորը նշեց, որ ժամանակին ՀՀԿ-ին մեղադրում էին վերարտադրվելու համար Սահմանադրություն փոխելու մեջ։

«Դա փորձ էր օրակարգը Նիկոլ Փաշինյանից շեղելու, որը խրված է բազմաթիվ պրոբլեմների մեջ և փորձում է իր հաջողություններն ամրագրել՝ բացառապես պայքարելով նախկինի ուրվականների դեմ: Այդ մարտավարությունը տապալված համարենք, որովհետև 100 օր անց, կարծում եմ, «Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլևս ակտուալ չէ»,- նշեց Աշոտյանը հավելելով, որ սահամանդրությունները չեն կարող փոխվել՝ ելնելով այս կամ այն անձի քաղաքական նկրտումներից։ 

 

««Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան, առնվազն անպատասխանատու է, եթե չասեմ՝ նաև բավականին վտանգավոր»,-ասաց Արմեն Աշոտյանը։