«Ես շահագրգռված եմ, որ ամեն ինչ պարզվի»,-գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ իքս կուսակցությունն ու իքս գործիչն են կանգնած ձայնագրության հետևում, իրենք պետք է ցուցմունք տան, ապացուցեն և տվյալներ ներկայացնեն համապատասխան իրավապահ մարմիններին, որ կամ իքսը կամ իգրեկն են գաղտնալսել, ոչ թե այդ իքս-իգրեկն արդարանան»,-ասաց Շարմազանովն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ «գաղտնալսումների հետևում Ռոբերտ Քոչարյանը և ՀՀԿ-ն են կանգնած» հայտարարությանը։«Եթե Ալեն Սիմոնյանն ունի փաստեր՝ պարոն Սիմոնյա՛ն, որպես ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր՝ ասում եմ՝ անհապաղ գնաք համապատասխան իրավապահ մարմիններին ներկայացնեք հաղորդում ու փաստեր»,-ասաց Շարմազանովը՝ ավելացնելով, որ եթե Սիմոնյանը դա չի անում, ուրեմն գործ ունենք քաղաքական մանիպուլյացիայի, պոպուլիզմի և դեմագոգիայի հետ։
Շարմազանովը նշեց, որ կլինեն մասնագիտական քննարկումներ, քննիչ հանձնաժողովը կփորձի պարզել գաղտնալսման փաստը, տեղն ու ծավալը։
«Ես Փաշինյանին էլ եմ ասել՝ պետական հարցերում ես պետական պաշտոնյա եմ։ Ես ամենաշատը ԵԼՔ-ից շփվում եմ Փաշինյանի հետ. զուտ գործնական։ Ես երեկ էլ, առաջին օրն էլ՝ հեռախոսով խոսել եմ Փաշինյանի հետ. եթե պետք է մեր հեռախոսզարույցը լսվի, իմ և ԱԳ նախարարի հեռախոսազրույցը լսվի, որի թեման Արցախյան հիմնախնդիրն է, Հայաստանի արտաքին մարտահրավերներն են, անվտանգությունն է, և դա ընկնի Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքը՝ դա մտահոգիչ է։ Բովանդակությունը կրկնակի մտահոգիչ է։ Պարոն վարչապետի հավաստիացումներն ինձ հավաստի չթվացին»,- նկատեց նա։
Շարմազանովը չհամաձայնեց այն մտքին, թե գաղտնալսումներում որևէ արտառոց բան չկա:
«Եթե այդ ամենն անեին Գորիկ Հակոբյանը և Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, երեկ Ազգային ժողովը օդ կհաներ, ԱԺ-ից բան չէր թողնի: Հիմա ի՞նչ ա փոխվել, ընկե՛ր, կոնկրետ հարց եմ տալիս, վերանանք անձերից, եթե այդ զրույցը Գորիկ Հակոբյանի, Վահրամ Շահինյանի միջև լիներ ու ասեինք՝ Սերժ Սարգսյանն էլ հրանանգ ա տվել, երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Հովիկ Աբրահամյանին ի՞նչ օրը կգցեր», - նշեց նա: