Քննիչ հանձնաժողով ստեղծելու կարիք չկա այն դեպքում, երբ Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
«Բայց, հաշվի առնելով, որ մենք միշտ բաց ենք եղել և կողմ ենք եղել, որևիցե մութ հարց որևէ մեկի մոտ չմնա ու հաշվի առնելով, որ ձայնագրության մեջ այնպիսի բան չկա, որի համար կամաչեմ այստեղ կանգնել՝ թող ստեղծվի։ Եթե նորմալ ձևակերպումներով է լինելու՝ հասկանանք, թե ինչ են ուզում մեր հանրապետական գործընկերները ասել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց՝ ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դիմել է «Ելք» խմբակցությանը՝ ստորագրել է Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը, սակայն խմբակցությունից մերժել են։ Իսկ ստորագրությունների մեջ բոլորը ՀՀԿ-ական են և միայն մեկը՝ «Ծառուկյան» խմբակցությունից՝ պատգամավոր Իշխան Զաքարյանը։
Հարցին, թե ի՞նչ է կարծում, Հանրապետական խմբակցությունն այս հանձնաժողովը կազմավորելու համար փորձում է իրականությունը պարզե՞լ, թե՞ այլ նպատակներ ունի, Սիմոնյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ Հանրապետականը փորձում է այս իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն։ Բայց մեծ խնդիր ունեն՝ չունեն ժողովրդի սատարումը։ Նրանք այդ խնդիրը պետք է լուծեն, ոչ թե զբաղվեն շահարկումներով։ Նրանք փորձում են ազդել մեզ վրա, հունից հանել մեզ, վախեցնել։ Բայց չի ստացվի»։