ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին՝ հիմնականում վերահաստատելով այն գնահատականները, որոնք նրա գրասենյակը հնչեցրել է համացանցում հայտնված սկանդալային հեռախոսազրույցի հետ կապված։ Քոչարյանը վստահ է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Նա, ըստ էության, օգտվում է այն հնարավորությունից, որն իրեն ընձեռել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը։ Սակայն ոչ պակա ուշագրավ էր Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հայտարարությունը, որտեղ նա պնդում է, թե Հայաստանում Նոր բռնապետ է ծնվում: Տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ո՞վ էր նախորդը: Իրեն կարծես թե Քոչարյանը բռնապետ չի համարում: Այդ դեպքում՝ գուցե նա նկատի ունի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՞ն: Երկրորդ նախագահը, ըստ էության, տողատակով մատնում է, որ թավշյա հեղափոխության օրերին, այնուամենայնիվ, փորձել է ունենալ իր, այսպես ասած, «ներդրումը»՝ գուցե որոշ ուժերի միջոցով, որոնք ներգրավվել են այս գործընթացում, փորձելով այն օգտագործել Սերժ Սարգսյանի դեմ, եւ հետ վերցնել իշխանության «ճամպրուկը»: Ակնհայտ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել է օգնել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, բայց իշխանության համակարգն արդեն հնարավոր չէր փրկել: Այն օրերին, սակայն, Քոչարյանը ոչ թե ուզում էր ակտիվ քաղաքականություն վերադառնալ, այլ պարզապես փորձում էր մեսիջ ուղարկել կառավարման խարխլված համակարգին, որպեսզի Փաշինյանը չկարողանա ամբողջությամբ փոխել իշխանությանը։
Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Քոչարյանի միջամտությունը շատ ավելի վաղ է սկսվել: Հիշում ենք՝ ինչպես վարչապետ ընտրվելուց հետո Սարգսյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ «զարգացող Հայաստան ունենալու համար՝ պետք է, որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ դրանք չեն արթնանա, եթե ոմանք չբզբզեն»: Վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Սարգսյանին շտապեց շնորհավորել հենց Քոչարյանը, ով նախկինում, ի դեպ, նման սրտացավություն չէր դրսևորել Սարգսյանի հաջողությունների նկատմամբ: Չի բացառվում, որ նա շտապել է Սերժ Սարգսյանին հավաստիացնել, որ ինքը կապ չունի ո՛չ հրաբխի, ո՛չ բզբզոցի հետ: Եթե Քոչարյանը շտապել է հերքել որեւէ կապ, պետք է ենթադրել, որ նրան հայտնի է դարձել Սերժ Սարգսյանի կասկածի, իսկ գուցե նաեւ, այսպես ասած, պատասխան գործողության մասին, այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը «բզբզացողի» է փնտրում: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ Երկրորդ նախագահը, շտապելով շնորհավորել Սարգսյանին, փորձում է իր վրայից հանել որոշակի կասկածներ կամ մեղադրանքներ:
Մյուս կողմից՝ վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի հաճախ է թիրախավորում այս կամ այն ուժերին, որոնք փորձում են թիկունքից հարվածել հեղափոխությանը: Թեև հասկանալի չէ՝ ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը, բայց այդ հայտարարությունների համատեքստում էլ ավելի հետաքրքիր է դառնում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ընթացքում հնչեցրած միտքը՝ «սա՞ էր հեղափոխության նպատակը», կամ, այլ կերպ ասած՝ փորձում է հեղափոխության մեջ «ներդրած» ուժերին հիշեցնել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին...
Ստելլա Խաչատրյան