ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը, որ հայտնի երգիչ-երգչուհիները, օրինակ, հարսանիքների ժամանակ երգելով գումար են վաստակում, սակայն հարկ չեն վճարում, անչափ մեծ աժիոտաժ է առաջացրել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Անանյանը նշել էր, թե վերջին 25 տարիների ընթացքում օրենքով կա պարտադրված պայման, որ նրանք հարկեր վճարեն: Ինչպես ասում են՝ օլիգարխներին, խոշոր հարկատուներին, ստվերում գործող մոնոպոլիստներին բերել ենք հարկային դաշտ, իսկ այսօր արդեն գերխնդիր է դառնում շոու-բիզնեսը: Իհարկե, կասկած անգամ չկա, որ բոլորը պետք է հարկ վճարեն, բայց…Կա երկու բայց:Առաջինը՝ արդյո՞ք բոլոր երգերը երգել էինք և մնում էր միայն այս հարցի օրակարգ մտնելը, և երկրորդը՝ արդյո՞ք մեր շոու-բիզնեսն այնքան մեծ է, որ ընդհանրապես հարկման ենթակա լինի: Իսկ եթե անգամ հարկվի, ապա՝ ինչպես են որոշելու, օրինակ, թե որքան գումար պետք է վճարեն, չէ՞ որ շատ համերգներ կան, որոնց երգիչները մասնակցում են՝ առանց գումար վերցնելու՝ բարեգործական նպատակներով: Կամ, օրինակ՝ օրինակ՝ ՊԵԿ-ում տեղյա՞կ են, թե երգի ստեղծումից մինչեւ տեսահոլովակի թողարկում երգիչը որքան է ծախսում: Ահա այս՝ առաջին հայացքից մանր և անկարևոր թվացող հարցերի պատասխաններն է, որ պետք է գտնի ՊԵԿ-ը, նոր միայն մտածի շոու-բիզնեսը հարկային դաշտ մտցնելու մասին:
  
Ի դեպ, ՊԵԿ-ն այս պահին շատ ավելի արդիական խնդիրներ ունի լուծելու: Մամուլում ավելի ու ավելի հաճախ են տեղ գտնում հրապարակումներ՝ կապված մաքսակետերում արձանագրվող խախտումների և Նոր Հայաստանին ոչ բնորոշ իրավիճակի մասին: Օրինակ, վերջին օրերին բողոքներ են հնչում, որ «Ուրբան» կոչվող մաքսակետում ներկրողներն օրերով հերթ են կանգնում՝ Թուրքիայից և այլ երկրներից ներմուծված իրենց ապրանքը մաքսազերծելու համար։ Ներկրողներից ոմանք էլ դժգոհում են, որ մաքսայինի աշխատակիցները ներմուծված ապրանքը մաքսազերծում են ոչ թե ինքնարժեքով (ինվոյսով), այլ հսկիչ գներով։ Թերևս սա ավելի մտահոգիչ փաստ է, քան այն, որ ինչ-որ մեկի հարսանիքին երկու երգ երգած անձը դեռևս չի դատարկել իր գրպանը՝ «հարստացնելով» պետբյուջեն…