Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին: «Առանց միասնական արժութային գոտու՝ այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,-ասել է Գրիգորյանը: Վլադիվոստոկում անցկացվող համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ավելի վաղ ասել էր, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին: Նույն կարծիքին է, ի դեպ, նաև ԵԱՏՄ նախագահ Տիգրան Սարգսյանը, ով ռուբլու լոբբինգով զբաղվում էր դեռևս նախորդ իշխանությունների շրջանում՝ այն պահից ի վեր, ինչ ստանձնել է վերոնշյալ բարձր պաշտոնը:
Հանրությանը շոկից դուրս բերելու նպատակով փոխվարչապետը փորձեց արդարանալ և ներկայացնել՝ իբր իր խոսքերը աղավաղվել են: Այդ դեպքում, անչափ հետաքրքիր է՝ ինչո՞ւ է «Միր 24»-ը հենց այդ լույսի ներքո ներկայացնել ՀՀ փոխվարչապետի մոտեցումը այս հարցին: Թերևս, դա ռուսական կողմի ցանկությունն է, իսկ մեր վերջին 20 տարիների քաղաքական քրոնիկոնը հուշում է՝ քաղաքական կամքի բացակայության պարագայում ռուսական կողմի ցանկությունը մեր համար շատ արագ դառնում է օրենք:
Արդյո՞ք հայկական կողմը հաշվարկել է այն ռիսկերը, որոնք ի հայտ են գալու միասնական արժույթի անցնելու դեպքում: ԵԱՏՄ մեր մյուս գործընկերները, ըստ էության, արել են նման հաշվարկներ, և դա է պատճառը, որ նույն Բելառուսը կամ Ղազախստանը լսել անգամ չեն ցանկանում միասնական դրամի անցնելու մասին: Մինչդեռ Հայաստանն ինքն է նման առաջարկ հնչեցնում: Ի՞նչ է սա՝ ռուսներին հաճոյանալու անչափ անհաջող փո՞րձ, զիջո՞ւմ, և արդյո՞ք այս հարցը քննարկվել էր Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ընթացքում: Եթե որոշ տնտեսագետներ գտնում են, որ ռուբլու անցնելու պարագայում Հայաստանը կկարողանա նաև գազի դիմաց վճարել ռուսական դրամով՝ հիասթափեցնենք. «Գազպրոմին» օդի և ջրի պես դոլար է պետք, որից էլ Հայաստանը ցանկանում է հրաժարվել: Արդյո՞ք հաշվարկվել է նաև Արևմուտքի և հատկապես ներդրողների ռեակցիան: Կամ արե՞լ են պարզ տնտեսագիտական հաշվարկներ՝ առ այն, որ ընդհանուր դրամային շուկայի ստեղծմանը պետք է նախորդեն հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ունիֆիկացման միջոցառումներ և երկրների միանման մակրոտնտեսական միջավայրի ապահովում՝ ինչը դեռևս տեղի չի ունեցել:
Էլ ավելի ուշագրավ է, որ ԵԱՏՄ հետ հնարավորինս լայն ու սերտ ինտեգրման մասին է խոսում այն կառավարությունը, որի ղեկավարը մեկ տարի առաջ կոչ էր անում փախչել ԵԱՏՄ-ից:
Իրավիճակ է փոխվել…
Ստելլա Խաչատրյան