ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին:

Այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով ( խարդախություն): Նա ունի մեղադրյալի կարգավիճակ: Գործը գտնվում է նախաքննության փուլում»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել' ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա' յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել և ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ իր խոսքերի՝ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետև անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Միայն ձերբակալումից առաջ' վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:

ԱԱԾ հաղորդագրությունից հետո' «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և ներողություն խնդրել բոլոր նվիրատուներից: